Ռոբերտ Քոչարյանի դեմ կատարվող իրադարձություններն ապօրինի են, և տեղի ունեցողը կապ չունի Մարտի 1֊ի զոհերի հետ։ Այս մասին այսօր՝ լրագրողների հետ զրույցում, ասաց ՀՀ 2֊րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով Քոչարյանի՝ քրեական հետապնդման սկզբից անցած մեկ տարվան:

Նա նշեց, որ Մարտի 1֊ը չբացահայտվեց, և ինչ նկատի ուներ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախորդ տարվա օգոստոսին արված հայտարարությամբ, թե գործը բացահայտված է, սուտ էր։

«Այս մեկ տարվա ընթացքում ամենավատ ձևով օգտագործել են զոհերին, նրանց հարազատներին։ Դատարան էին բերում մարդկանց, որոնք չգիտեին՝ ինչ է կատարվում։ Բացի խոսակցություններից այս մեկ տարին ոչինչ չի տվել, շատ հարցեր մնացել են օդի մեջ։ Մեկ տարվա ընթացքում բազմաթիվ խախտումներ են եղել, որոնք մենք առանձնացրել են», ֊ասաց նա։

Նրա խոսքով՝ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը չի հստակեցվել ոչ դատարանի, ոչ քննիչների կողմից. «Մենք ասում ենք ասեք՝ Քոչարյանի որ գործողություններով է հիմնավորվում, որ սահմանադրական կարգ է տապալել։ Ասում են՝ ԶՈւ֊երի է օգտագործել, բայց որևէ օրենքով սահմանված չէ, որ դա արգելվում է։ Առաջին անգամ մեր պատմության մեջ պաշտպանական կողմին հնարավորություն չի տրվել ներկա լինելով նիստին՝ խոսել»,֊ նշեց Սողոմոնյանը։