ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային այցով մեկնել է Շիրակի մարզ, որտեղ մասնակցել է ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչության նոր վարչական շենքի բացման արարողությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, վարչական շենքի բացմանը ներկա են գտնվել նաև Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը, մարզի դատաիրավական ոլորտի պատասխանատուները։ ՀՀ ՔԿ նախագահը շրջել է շենքում, ծանոթացել նոր աշխատանքային պայմաններին։
Քննչական վարչության նոր վարչական շենքը կահավորվել է, ապահովվել ժամանակակից տեխնիկայով, ինտերնետ-կապով և համակարգչային ներքին ցանցով: Տարածքն ունի 26 աշխատասենյակ, այդ թվում՝ անչափահասների հարցաքննության համար նախատեսված սենյակ, իրեղեն ապացույցների պահման սենյակ, նիստերի դահլիճ և ճանաչման սենյակ:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը շեշտեց, որ քննիչների աշխատանքային պայմանների բարելավումը միջոց է՝ քննության արդյունավետությունը, որակը բարձրացնելու համար:
Հայկ Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ Կառավարությանը՝ շենքի հիմնանորոգման համար բյուջեից գումար հատկացնելու համար:
ՀՀ քննչական կոմիտեն շարունակում է հետևողական քայլեր ձեռնարկել՝ Կոմիտեի տարածքային ստորաբաժանումների աշխատանքային պայմանները բարելավելու ուղղությամբ