ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործով շարունակվում են իրականացվել ակտիվ և անհետաձգելի քննչական գործողություններ, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Երևան-Սևան մայրուղում տեղի ունեցած պայթյունի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Երեք անձի մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ Երևան-Սևան մայրուղու 15-րդ կմ հատվածում գտնվող կամրջի տակ նախապես տեղադրվել էր ռազմամթերք հանդիսացող պայթուցիկ նյութ, որը 2019թ. օգոստոսի 2-ին' ժամը 12:30-ի սահմաններում պայթեցվել էր Մ. Մանուկյանի «Ռենջ Ռովեր» մակնիշի ու նրան ուղեկցող «Նիսան» և «Պատրուլ» տեսակի ավտոմեքենաների ընթացքի ժամանակ:
Փաստի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով և 235-րդ հոդվածի 1-ին մասով:
Քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանցից երեքի ինքնությունը, որոնցից մեկը հանդիսանում է Շիրակի մարզի բնակիչ՝ ծնված 1974թ., մյուս երկուսը Երևան քաղաքի բնակիչներ են՝ ծնված 1963 և 1966թթ․:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով և 235-րդ հոդվածի 2-րդ մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում ընտրելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են մեծածավալ քննչական գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի բոլոր հանգամանքները, դեպքին հնարավոր մասնակցություն ունեցած այլ անձանց շրջանակը, նրանց ինքնությունը պարզելու, հայտնաբերելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններն անհատականացնելու ուղղությամբ:
Քրեական գործով կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով' դատարանի' օրինական ուժի մեջ մտած դատավճռով: