Կառավարության ոչ մի նիստ չի անցնում առանց՝ «յուրաքանչյուր լումա պետք է ծախսվի նպատակային» բաժակաճառի, սակայն այդպե՞ս է դա արդյոք իրականում, լսո՞ւմ են Նոր Հայաստանի պետական մարմինները վարչապետի հորդորները, թե՞ շարունակում են մսխել հարկատուների գրպանից ձևավորվող բյուջեն:
2019-ին այս առումով ավելի շատ է ծախսվել՝ 120 միլիարդ դրամ, մինչդեռ 2018 թվականի առաջին եռամսյակում՝ ընդամենը 103 միլիարդ դրամ: Մեկ անձից կատարված պետգնումներն 2018-ին կիսամյակում կազմել են 41.3%, մինչդեռ 2019-ի 1-ին կիսամյակին՝ մեկ անձից՝ ոչ մրցակցային գնումները կազմել են մոտ 71%: «Սա խոշոր մասնաբաժին է, իսկ 2018 թվականի 1-ին կիսամյակում այն կազմել է 55%: Սա մտահոգիչ ցուցանիշ է: Սակայն սա դեռ ամենը չէ, ներկայացուցչական ծախսերն էլ հետաքրքիր են. ընդհանուր 121,3 միլիոն դրամի 46 պայմանագիր է կնքվել, ամենախոշոր գնումը կատարել է ԱԳՆ-ն՝ «Էքսպո մեդիա» ՍՊԸ-ի հետ պայմանագիր է կնքել 19,9 մլն դրամի: Բավականին խոշոր գնում է կատարել Ազգային ժողովը՝ պատվիրակությունների ընդունելության, ժամացույցների, խմիչքների, հուշանվերների համար մեկ անձից ոչ մրցակցային գնում է կատարել, ԱԺ-ն 2,6 մլն դրամի ժամացույցներ է գնել մեկ անձից: Բնապահպանության նախարարությունը 2019-ի սկզբից ծախսել է ավելի քան 5 միլիոն դրամ՝ հիմնականում տնտեսական ապրանքների ձեռքբերման վրա:
ՀՀ բոլոր գերատեսչությունները, տարեկան միասին վերցրած, միլիարդներ, այո, այո, հենց միլիարդներ են ծախսում փոստային ծառայությունների վրա. 21-րդ դարում, երբ կառավարությունն ինքն է ազդարարել էլեկտրոնային կառավարման փուլ թևակոխելը: Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նույնպես չի փայլում խնայողությամբ՝ գովազդային ծառայությունների վրա ծախսելով 96,000 ՀՀ դրամ, թերթերի վրա ծախսելով՝ 336,600 ՀՀ դրամ, անշարժ գույքի միայն մեկ վարձակալության վրա ծախսելով՝ 8,040,000, անվտանգության արգելապատնեշի վրա ծախսելով՝ 700,000 ՀՀ դրամ, կրակմարիչի վրա ծախսելով՝ 438,000 ՀՀ դրամ, իսկ կրակմարիչի վերալիցքավորման ծառայության վրա՝ 850,000 ՀՀ դրամ: ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեն, որի գոյության մասին հանրության մի ստվար զանգված անգամ տեղյակ էլ չէ 431,335 դրամ է ծախսել գրենական պիտույքների վրա: ՀՀ ՊՎԾ-ն էլ 6,160,002 դրամով դյուրակիր համակարգիչ է գնել, 240,000 դրամով՝ անվադողեր, 67,846 դրամի՝ այգեգործական գործիքներ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գնել է 823,400 դրամի գրասենյակային պարագաներ, 408,000 դրամի՝ թուղթ: ՀՀ Ազգային ժողովը 857,960 դրամ է ծախսել արտահագուստ և կոշիկներ, 630,000՝ տեսքստիլ մաքրման ծառայություններ, 600,000 դրամ՝ մասնագիտացված լուսանկարչական ծառայություններ գնելու համար:
Սրանք ընդամենը մի քանի դրվագներ են, որոնք սակայն ամբողջովին բացահայտում են պետական բյուջեի նկատմամբ նոր Հայաստանի պաշտոնյաների վերաբերմունքը: Խնայողությու՞ն, չէ, չենք լսել…