Օրերս տեղեկություն տարածվեց, որ իր կյանքի հեռուստատեսային էջն է պատրաստվում փակել «Արմենիա» հեռուստաընկերության նախկին գլխավոր պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը: Որոշ վարկածների համաձայն' Մխթարյանի հեռանալը «Արմենիայից» և վերադարձը Գյումրի պատահական չէ, վերջինս պատրաստվում է բացել իր կյանքի մյուս՝ քաղաքական էջը' պայքարի մեջ մտնելով «հայրաքաղաքի» ղեկավարի աթոռի համար: Առաջին հայացքից թվում է, որ այս տեղեկատվության մեջ որևէ արտառոց բան չկա, եթե, իհարկե, հաշվի չառնենք մեկ ուշագրավ հանգամանք. վերջին շրջանում յուրահատուկ տենդենց է նկատվում, շոուբիզնեսի և մեդիա ոլորտի հայտնի դեմքերը սահուն կերպով տեղափոխվում են քաղաքական դաշտ: Ի՞նչը կամ ո՞վ է միավորում օրինակ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանին, Կենտրոնի թաղապետ Վիկտոր Մնացականյանին և կյանքի «նոր էջ» բացող Ռուբեն Մխիթարյանին: Պատասխանը մեկն է՝ Արմենիա TV-ին, իսկ եթե ավելի կոնկրետ՝ մեդիամագնատ և տվյալ հեռուստաընկերության բաժնետոմսերի 100 տոկոսի սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը:

Դիցուք, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն իր դերասանական կարիերայում հաջողությունների է հասել հենց Արթուր Ջանիբեկյանի հետ մեկ թիմում աշխատելիս․ երկար տարիներ Մարությանի պրոդուկտները գնել է հենց «Արմենիա»-ն, Երևանի կենտրոնի թաղապետ նշանակված Վիկտոր Մնացականյանը Ջանիբեկյանի զարմիկը լինելուց զատ նույնպես աշխատել է վերջինիս թիմում: Մնացականյանի վրա ակնհայտորեն լուրջ «ստավկա» է արվում, թաղապետն էլ վերջին շրջանում զգալի «աճել է», անգամ մամուլում խոսակցություններ եղան, որ եթե Մարությանը ի վերջո հրաժարական տա, նրա թիվ մեկ փոխարինող դիտարկվում է հենց Մնացականյանը: Այժմ էլ տեղեկություն է տարածվում Ռուբեն Մխիթարյանի կողմից Սամվել Բալասանյանի «սուրբ տեղը» գրավելու ցանկության մասին։ Ընդ որում, ուշագրավ է, որ Ջանիբեկյանի նախկին թիմակիցը այդ պնդումները չի հերքել, բավական մշուշոտ մեկնաբանություն տալով տարածվող լուրերին, ինչը և, ըստ էության, հաստատում է շրջանառվող վարկածը:

Արդյո՞ք պատահականություն է, որ Նոր Հայաստանում մի շարք առանցքային պաշտոններ զբաղեցնում կամ պատրաստվում են զբաղեցնել հենց Արթուր Ջանիբեկյանի թիմի նախկին և ներկա անդամները: Թերևս ոչ, այդ դեպքում մնում է ենթադրել, որ հայտնի գործարարը նաև հեռուն գնացող քաղաքական ծրագրեր է մշակում: Առաջին հայացքից կարող է թվալ, որ քաղաքապետի կամ թաղապետի պաշտոնը քաղաքական կալիբրի տեսանկյունից չնչին է, հետևաբար վերոնշյալ դիրքերը յուրային կադրերով կոմպլեկտավորելու բազմաքայլ օպերացիան քաղաքական տեսանկյունից անհեռանկարային է։ Սակայն չմոռանանք, որ Երևանում բնակվում է ՀՀ բնակչության 75%-ը, իսկ Գյումրին հանրապետության մեծությամբ երկրորդ քաղաքն է։ Եթե դիտարկում ենք այս պրիզմայի ներքո, ապա հասկանալի է, որ միայն այս երկու քաղաքների նկատմաբ վերահսկողության սահմանումը լուրջ քաղաքական լծակներ է ընձեռում՝ համապետական մասշտաբով:

Ինքը՝ Ջանիբեկյանը, իր հարցազրույցներից մեկում հայտարարել էր, թե «զզվում է քաղաքականությունից» և կենտրոնացած է բիզնես ոլորտի և բարերարության վրա: Վերջինս Սևան Ստարտաթ Սամիթ 2019-ի հիմնադիրներից մեկն է, Հայաստանում իրականցավող մի շարք բիզնես, կրթական, մշակութային, հայրենասիրական նախաձեռնությունների հեղինակն ու հովանավորը: 2018-ին Ջանիբեկյանը Վատիկանում ՀՀ նախկին դեսպան Միքայել Միանասյանի հետ համատեղ հովանավորել էր Նարեկացու արձանի տեղադրման աշխատանքները: Ի դեպ, Մինասյանը և Ջանիբեկյանը բիզնես գործընկերներ են: Թեև «Պանարմենիան Մեդիա Գրուպը», որի համասեփականատերն էին նրանք հանդիսանում, հայտարարել է որպես մեդիա միավորում իր գործունեության դադարեցման մասին, այսօր էլ Ջանիբեկյանն ու Մինասյանը ընդհանուր բիզնես շահեր ունեն Հայաստանում: Որոշ տեղեկությունների համաձայն՝ Ջանիբեկյանը բիզնես հետաքրքրություններ ունի նաև Ուկրաինայի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, ընդ որում, Զելենսկուն այստեղ հիշատակելը բնավ էլ պատահական չէ: Հենց Ուկրաինայի նոր նախագահն է հանդիսանում այն վառ օրինակը, թե ինչպես կարող է շոու-բիզնեսում հաջողությունների հասած անձը նոր տեխնոլոգիաների հմուտ օգտագործման արդյունքում ստանալ հանրության վստահության քվեն՝ ընտրություններում ջախջախիչ պարտության մատնելով քաղաքականության մեջ եփված հին «գելերին»: Ինչու չէ, այս օրինակը կարող է վարակիչ լինել նաև «Ուրախների և հնարամիտների ակումբի» մյուս նախկին անդամների համար, հատկապես որ վերջին շրջանում ընթացող քաղաքական վերադասավորումները հուշում են, որ Արթուր Ջանիբեկյանը դրսևորում է նաև անչափ համարձակ քաղաքական ամբիցիաներ...