Վերջին օրերին քաղաքացիների կողմից բազմաթիվ բողոքներ էին ստացվում առ այն, որ Հայաստան-Վրաստան սահմանին՝ Բագրատաշենի անցակետում, 2-3 կիլոմետրանոց կուտակումներ են, որոնք մշտական բնույթ են կրում: Վերոնշյալ խնդրի պատճառները հասկանալու համար դիմեցինք ՊԵԿ-ին և ահա թե ինչ պարզաբանում ստացանք: Ըստ էության, կուտակումները պայմանավորված են ներկրվող ավտոմեքենաների քանակի կտրուկ ավելացմամբ, ինչպես նաև զբոսաշրջային սեզոնով: Մաքսակետը այս պահին աշխատում է ուժեղացված ռեժիմով, տեսուչների թիվն էլ հասել է 12-ի:
 
Այն, որ Հայաստան ավտոմեքենաների ներմուծման ծավալը կրկնապատկվել է, ակնհայտ է արդեն ամիսներ շարունակ: Հայտնի է նաև պատճառը. 2020 թվականին սպառվում է ԵՏՄ անդամակցությունից հետո Հայաստանին տրված մաքսային արտոնությունը, ու երրորդ երկրներից մեքենաների ներկրման մաքսատուրքը ավելանալու է մի քանի անգամ: Դա, բնականաբար, բերելու է գնի թանկացման, և երրորդ երկրներից ներկրման բիզնեսը դառնալու է կամ ոչ շահութաբեր, կամ պակաս շահութաբեր: Ըստ այդմ, բոլոր ներկրողները շտապում են բերել որքան հնարավոր է շատ մեքենա: Առավել ևս, որ Հայաստանից գալիս և մեքենա են տանում ԵՏՄ այլ անդամ երկրների քաղաքացիներ էլ: Այս ամենը, սակայն, կարելի էր կանխատեսել նախապես, և այն լուծումները, որոնք այսօր փորձում է առաջարկել ՊԵԿ-ը, ներդնել ավելի վաղ՝ դրանով իսկ փրկելով հազարավոր քաղաքացիների կիլոմետրանոց հերթերում ժամեր շարունակ կանգնելուց:
 
Այն, որ ամռանը զբոսաշրջային բում է սպասվում, նույնպես չպետք է որ անակնկալ համարվեր: Սա սեզոնային երևույթ է, և այն կանխատեսելը իրենից որևէ դժվարություն չէր ներկայացնում: Շատ ողջունելի է, որ ՊԵԿ-ը, այնուամենայնիվ, քայլեր է ձեռնարկում իրավիճակը շտկելու ուղղությամբ, սակայն պետք է փաստել, որ այդ քայլերը փոքր ինչ ուշացած են: Պետական եկամուտների կոմիտեն գերակատարել է պետեկամուտների հավաքագրման կիսամյակային պլանը մոտ 25 տոկոսով, որը փորձագետների մոտավոր հաշվարկով կազմում է մոտ կես միլիարդ դոլար: Հիանալի տեղեկություն է: Բայց, ՊԵԿ աշխատանքը միայն փող հավաքելն ու դա գերակատարելը չէ, այլ նաև քաղաքացիներին որոշակի ծառայություն մատուցելն ու դրա որակն ապահովելը: