Սոցիալական ապահովության ծառայության ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության կողմից 2019 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հայտնաբերված ոչ իրավաչափ վճարումների մասին Կենսաթոշակ նշանակելու վերաբերյալ Ծառայության տարածքային ստորաբաժանումների ընդունած որոշումների իրավաչափությունը պարզելու նպատակով՝ ամփոփ վերլուծությունների և մոնիթորինգի վարչության կողմից 2019թ.-ի հուլիսի 1-ի դրությամբ իրականացված կենսաթոշակի գործերի ուսումնասիրության արդյունքում հայտնաբերվել է 50.9 մլն ՀՀ դրամ ոչ իրավաչափ վճարում:
 
 
Ընդդիմադիր եղած ժամանակ թե՛ Նիկոլ Փաշինյանը, թե՛ իր թիմակիցները հայտարարում էին, որ իշխանությունները, թոշակառուների հասանելիք գումարները յուրացնելով, միլիարդներ են դիզել: Խոսք էր գնում նաև մահացած թոշակառուների նպաստները կոռուպցիոն սխեմաներով դուրս գրելու և յուրացնելու մասին: Այժմ ստացվում է, որ կենսաթոշակների տրամադրման ոլորտ հեղափոխությունը այդպես էլ չի հասել:
 
Առնվազն ծիծաղելի է, որ միլիարդների թալանի մասին խոսակցությունները կտրվում են 50 միլիոնի մասին բացահայտումներով: Ստացվում է՝ կա՛մ թալանի մասշտաբները այդքան սարսափելի չէին, ինչպես փորձում էին ներկայացնել նախկինում ընդդիմադիր, իսկ այսօր արդեն իշխանության գլուխ եկած գործիչները, կա՛մ էլ թալանը վերադարձվել է, միայն թե պարզ չէ՝ ուր, հեմանայնդեպս ոչ պետական բյուջե: Հատկանշական է, որ հեղափոխությունից հետո սոցապ ոլորտը այդպես էլ մնաց անտեսված, չնայած որ իրապես համարվում է ամենակոռումպացվածներից մեկը, որտեղ կոռուպցիոն ռիսկերը հանդիպում են գրեթե ամեն քայլափոխի: Պատահականությո՞ւն է, թե՞ հանցավոր անգործություն…