Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արկադի Բալյանն օգոստոսի 21-ին ընդունեց Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդի շրջանի առևտրաարդյունաբերության պալատի պավիրակությանը:

Ինչպես հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պատվիրակության կազմում ընդգրկված էին շրջանի պատկան մարմինների, հատուկ նշանակության տեխնիկա և բուժսարքավորումներ արտադրող ձեռնարկությունների ներկայացուցիչներ:

Ողջունելով հյուրերին՝ Արկադի Բալյանը հակիրճ ներկայացրեց ԱԻ բնագավառում հայ-ռուսական բազմակողմանի համագործակցությունը՝ մասնավորապես Ռուս-հայկական հումանիտար կենտրոնի գործունեությունը:

«Նիժնի Նովգորոդի շրջանի արտահանման ներուժի զարգացման կենտրոնի» ղեկավար Սերգեյ Զվոնկովը, շնորհակալության հայտնելով հանդիպման համար, նշեց, որ ռուսական կողմը բաց է համագործակցության զարգացման բոլոր առաջարկների համար՝ վստահություն հայտնելով, որ շրջանի արտադրական ներուժը ի զօրու է բավարարել ԱԻ բնագավառում Հայաստանի բոլոր պահանջները:

Այնուհետև ձեռնարկությունների ներկայացուցիչները ԱԻ փոխնախարարին ներկայացրեցին կազմակերպությունների արտադրանքը՝ զրահապատ և թրթուրավոր տեխնիկա, հակասողանքային, շինությունների ներսում մարդկանց տեղաշարժման և բժշկական սարքավորումներ:

Արկադի Բալյանը խոստացավ նախարարության մասնագետների հետ միասին մանրամասն ծանոթանալ ներկայացված առաջարկներին և անհրաժեշտության դեպքում փոփոխություններ կատարել ռուս-հայկական հումանիտար կենտրոնի միջոցով ռուսական կողմին ներկայացվող անհրաժեշտ տեխնիկայի և սարքավորումների ցանկում: