Նախորդ հրապարակման մեջ՝ «Ով կձևավորի հաջորդ իշխանությունը», շեշտել էի, որ այդ հարցը ամուր կապակցված է մեկ այլ հարցի հետ՝ «ինչպես թույլ չտալ ներքին ապակայունացում երկրում»։ Այդ հարցերի պատասխանները պետք է գտնել միասին։

 

Գիտակից շերտերի համար այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում՝ պրոցեսները, որակը, մթնոլորտը, պատկերացումների պրիմիտիվիզմը,  հիշեցնում է վատ ֆիլմ։ Եվ կա այդ ֆիլմի ավարտի՝ օր օրի ուժգնացող սպասումը։ Բայց ֆիլմի և իրական կյանքի տարբերությունը հսկայական է, և այսօր չկա որևէ երաշխիք, որ այս ֆիլմի ավարտով չի սկսվելու ավելի վտանգավոր ու ավելի սարսափելի ֆիլմ։ Դրա հավանականությունը բավականին մեծ է, սցենարներն էլ՝ տարբեր։

Հաշվարկել, թե ի՛նչ կանխատեսելի զարգացումներ կլինեն Հայաստանում՝ նույնիսկ կարճաժամկետ կտրվածքով, շատ դժվար է. շեղումները կարող են լինել էական։ Հայաստանը դեռևս գտնվում է շոկային իրադարձությունների տրամաբանության մեջ։ Ցավոք՝ հենց շոկային իրադարձություններն են այլևս որոշում մեր ներկան, այլ ոչ՝ գրագետ և կանխատեսելի զարգացումները։ Մայիս ամսից սկսած՝ մեր կյանքում տեղի են ունեցել իրադարձություններ, որոնք փոխել են տրամադրությունները երկրում, որոնք ստիպել են նորանոր շերտերի՝  ինքնուրույն մտածելու փորձեր անել, և որոնք փոխել են երկրի ընդհանուր հետհեղափոխական մթնոլորտը։ Մայիսին տեղի ունեցած՝ դատարանների շրջափակման օպերացիան, 24 ժամվա մեջ փոխված՝ դրան հաջորդող տեքստերի և քայլերի սցենարը, թեպետև ժամանակի ընթացքում մեղմվեցին, բայց հայաստանյան իրականությունը և մթնոլորտը մինչ այդ և դրանից հետո արդեն լրիվ այլ էին։

 
Հայաստանի էներգետիկ համակարգում տեղի ունեցած խոշոր վթարը հաջորդ շոկն էր, որը հասարակությա ն մեկ այլ շերտի ստիպեց՝ մտահոգվել երկրի էներգետիկ անվտանգության և ընդհանրապես համակարգերի պրոֆեսիոնալ կառավարման հարցով։ Ի դեպ՝ մինչ այսօր հանրությանը չեն տրվել հայկական «բլեքաութի» պաշտոնական բացատրությունները՝ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ, ո՞ր համակարգերը չաշխատեցին, ի՞նչ պոտենցիալ ռիսկեր ուներ, և վերջապես՝ ապահովագրվա՞ծ ենք արդյոք հաջորդ նման վթարներից։ Սրա մասին իշխանությունը չի խոսում իր անվերջանալի լայվերի ու միտինգների ժամանակ։ 

Սահմանադրական Դատարանի կեղծ ճգնաժամը և դատավորի՝ որպես ՍԴ նախագահ ինքնահռչակումը հաջորդ շոկն էր, որին լայն զանգվածները մասնակից չեղան, բայց ակտիվ շրջանակները, նույնիսկ՝ իշխանական, հասկացան, որ երկրում շատ կարևոր բաներ այնպես չեն գնում։ Նույնիսկ իշխանական շրջանակները հասկացան, որ իրենց վերապահված է «cheers team»-ի ֆունկցիան, և որ որոշումները կայացում են լրիվ այլ՝ փակ սենյակում, որի կազմն իրենց հետ կապ չունի։ Իջևանում ուժի անզուսպ կիրառումը նոր շոկ էր, որն արդեն զանգվածների մոտ հարցեր առաջացրեց։ Դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսված՝ մեկ սենյակից  ողղորդված հաշվեհարդարը շոկ էր դատաիրավական համակարգի և հանրության գիտակից  շրջանակների համար։ Ամուլսարի պատմությունը, խնդրի ընկալման և մեկնաբանման պարզունակությունը ընթացիկ շոկեր են, որոնք դարձյալ փոխում են մթնոլորտը երկրում։

 

Ինչո՞ւ եմ ես սրանք թվարկում. ցույց տալու համար, որ երկրում մայիս ամսին մթնոլորտը լրիվ ուրիշ էր, հիմա լրիվ՝ ուրիշ։ Այնինչ, անցել է ընդամենը 3 ամիս։ Ի՞նչ կլինի հաջորդ երեք ամսից՝ ես չգիտեմ, բայց հստակ է մեկ բան. գործող իշխանությունը  երկրում մթնոլորտը սարքում է  այդպիսին։ Պետությունը ոլորտ առ ոլորտ սկսեց կորցնել կայունության իր ռեսուրսը՝ այն փոխարինելով շոկային անկայուն կառավարմամբ։  

 

Կա հաջորդ լուրջ խնդիրը. արտաքին ուժերը, որոնք ուղղակի շահագրգռված են Հայաստանում քաղաքական և հասարակական ապակայունացում մտցնելու հարցում։ Դա նրանց առջև դրված խնդիրն է, դա նրանց նպատակն է։ Նրանց ուրիշ ոչինչ Հայաստանում չի հետաքրքրում։
Անհրաժեշտ է հստակ հասկանալ, որ ապակայունացումը Հայաստանի համար չափազանց ռիսկային, չափազանց վտանգավոր զարգացում է։ 

Իրավիճակն իսկապես շատ բարդ է, որովհետև մի կողմից ակնհայտ է, որ այսպիսի կառավարումով երկիրն արագ մտնում  է շոկերի ու ապակայունացման փուլ, իսկ մյուս կողմից՝ որևէ համակարգ պատրաստ չէ այս իշխանության արագ փլուզմանը։ Մեր երկրի ընթացիկ սթրես-թեսթի արդյունքները այլևս հայտնի չեն, և հայտնի չէ, թե ո՛ր շոկերին ի՛նչ դիմադրության ռեսուրս ունենք։  Ես հասկանում եմ, որ շատերին այս միտքը դուր չի գա, բայց ավելի լավ է՝ դատենք սառը փաստերով։
Իշխանության համակարգում. ունենք մեկ մարդու վրա հիմնված իշխանություն, գրեթե անհայտ անձանցից կազմված խորհրդարանական մեծամասնություն և կառավարություն։ Նրանց 90 տոկոսը հանրությանը մինչ այսօր անծանոթ դեմքեր են։

 

Իշխանությունից դուրս. կան շատ դեպքերում փորձառու, գրագետ անհատներից կազմված շրջանակներ, բայց, որպես համակարգ, ունենք անվարկանիշ և դեֆոլտի ենթարկված քաղաքական ուժեր, որոնք (որը գուցե ամենավատն է) չունեն ամբողջական  ձևակերպված տեսլական, ասելիք, այս պահի իրողությունների վրա հիմնված՝ երկրի զարգացման սեփական փաթեթ։ Այդ դեպքում ինչո՞վ են ներկայանալու հանրությանը։ Ինչո՞վ են փոխարինելու այսօրվա անայլընտրանք դատարկախոսությանը։

Հանուն Հայաստանի Հանրապետության

 

Կա մի պրոցես, որը պետք է զուգահեռ սկսվի և՛ իշխանության մեջ, և՛ իշխանությունից  դուրս։ Խոսքը քաղաքական գրագետ և հրատապ  լուծումների մասին է։ 
Իշխանությունը (տվյալ դեպքում՝ պետությունը) այսօր չունի իշխող քաղաքական ուժ. սա շատ խոցելի է դարձնում իշխանությունը և ճանապարհ բացում երկրի ապակայունացման համար։ «Լարած տիկնիկների» կոնցեպցիան ցանկացած՝ թիչ թե շատ ուժեղ ցնցման պարագայում կարող է փլվել։ Վկան՝ Ամուլսարի՝ ամենևին ոչ ամենաբարդ խնդիրը, որից նոմինալ իշխող ուժը կտրուկ ճաքեր տվեց։ Նման քաղաքական թիմ չի լինում։ Քաղաքական ամուր թիմը շոկերին դիմակայելու համար է։

Այն, ինչ այսօր կա, տարբեր հկ-ների ներկայացուցիչների ասոցիացիա է հիշեցնում՝ յուրաքանչյուրը՝ սեփական նեղ անձնական օրակարգով։ Հիմա իշխանությունը պիտի հասկանա, որ նոր-նոր պետք է սկսի իրական քաղաքական ուժի ձևավորումը, որը չի լինի մեկ մարդու պաշտամունքի բազայի վրա, չի լինի միայն այդ նպատակի համար, և որը կփորձի քաղաքական միտք ու զարգացման ծրագրեր գեներացնել։  Ո՞վ կարող է սա նախաձեռնել։ Իհարկե, ամենամեծ շանսը ունի վարչապետ Փաշինյանը։ Այս քայլը՝ զուգակցված մի շարք հարցերի վերաբերյալ տեսակետների վերանայմամբ, էապես կփոխի մթնոլորտը երկրում, և մեծ քայլ հեռու կպահի պետությունը ապակայունացումից։ Ամեն ինչից անկախ՝ այս քայլը հնարավորություն կտա որևէ պահի անցնցում և երաշխիքային հեռացման, նորմալ քաղաքական փոփոխությունների։

Իսկ ի՞նչ պրոցես է անհրաժեշտ սկսել ոչ իշխանական շրջանակներում։  Առաջին հերթին՝ երկրի զարգացման, մոդեռնիզացիայի փաստաթղթի մշակում՝ հստակ քայլեր, հստակ ժամանակացույց, հստակ նպատակներ՝ ռիսկերի հաշվարկով և դրանց կառավարման հաշվարկներով։ Այդ փաստաթղթում պետք է տրվեն բոլոր հիմնական հարցերի պատասխանները՝ ի՞նչ պետություն ենք կառուցում, ի՞նչ նպատակներ ենք դնում, ի՞նչ ռեսուրսներ, ի՞նչ մարտահրավերների ենք դիմակայելու և այլն։ Սա պետք է կազմվի, սա պետք է հնչեցվի, սա պետք է ներկայացվի հանրությանը, որից հետո միայն իրավունք կունենանք ասելու. այսօրվա դատարկ անհեռանկարայնությանը, ահա՛, մենք առաջարկում ենք այս այլընտրանքը։ Եվ այդ զարգացման ծրագրում ամեն անձ, ամեն ընտանիք ու ամեն սոցիալական շերտ պետք է տեսնի իր մասը, իրեն վերաբերող հատվածը։

 

Սա այն պրոցեսն է, որը երկրի համար կստեղծի որոշակի անվտանգության բարձիկ, կզսպի մեծ տեմպերով դեպի անկանխատեսելիություն տանող ներկան։ Եվ վերջապես՝ սա այն պրոցեսն է, որը թույլ կտա, իշխանության առողջացմանը զուգահեռ, գտնել չպատերազմելու, այլ՝ բանավիճելու հարթությունը։Սա կբերի ոչ իշխանական շրջանակների զտման, դիմագծի ձևավորման։ Եվ վերջապես՝ այսպես հնարավոր կլինի հասարակությունը կրկին վերադարձնել ամենօրյա խաղաղ կյանքին, պրոցեսներում նորից կսկսեն իրենց կարևոր դերերը ստանձնել ոլորտային մասնագետները, կկարևորվեն միտքը, գրագիտությունը, զսպվածությունը։ Պոպուլիզմն իր սոցցանցային խաղը կխաղա միայն նախընտրական որևէ շրջանում, այլ ոչ՝ ամեն հնարավոր առիթի դեպքում։ Աղմուկը կդադարի դոմինանտ լինել երկրի կառավարման գործում։  

Չգնալ նշված ճանապարհով՝ նշանակում է՝ խորացնել «ոչ ոք ոչնչի պատրաստ չէ» վիճակը։ Եթե քաղաքական համակարգը որևէ սցենարի պատրաստ չէ, ապա կլինի ինքնահոս՝ իր բոլոր բացասական դրսևորումներով և արտաքին ազդեցության կտրուկ մեծացմամբ։ 

 

Վահե Հովհաննիսյան
«Այլընտրանքային նախագծեր խումբ»