Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը օգոստոսի 28-ին իր առաջին պաշտոնական նիստում քննարկել է Բարձրագույն դատական խորհրդի անդամի թեկնածուի, ինչպես նաև սեպտեմբերի 9-ին Ազգային ժողովում սկսվող աշխատանքներին վերաբերվող հարցեր: Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը:

 

«Նիստի ընթացքում պատգամավորների հետ քննարկումներ տեղի ունեցան տարբեր հարցերի շուրջ»,- ասաց Սիմոնյանը:

Անդրադառնալով Ամուլսարի հարցի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Սիմոնյանը նշեց, որ Ամուլսարի հարցը խմբակցության որոշելու հարցը չի, կառավարության որոշելու հարցն է: Ըստ ԱԺ փոխնախագահի` դա գտնվում է մասնագիտական ոլորտում և խմբակցության ներսում կարող է միայն գնալ քննարկումներ, թե ով ինչ կարծիք ունի տվյալ հարցի հետ կապված:

«Դա կառավարության հարցն է, որը, եթե եկավ Ազգային ժողով, այդ ժամանակ կքննարկենք: Մեր գործող կառավարությունը և ես , ինչպես նաև իմ գործընկերները լիակատար աջակցությունն ենք հայտնել մեր վարչապետին: Հարցը գտնվում է քննարկման փուլում: Վարչապետը ուղարկել է շրջակա միջավայրի նախարարություն, որպեսզի իր եզրակացությունը տա, երբ որոշումը կլինի, մենք այդ ժամանակ մեր կարծիքը կհայտնենք»,- ընդգծեց Սիմոնյանը:

 

Դիտարկմանը, թե հանրության ուշադրությունը Ամուլսարի հարցից շեղելու համար Գագիկ Խաչատրյանի քրգործը առաջ բերվեց, ինչպես ինքը կարձագանքի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց. «Ժպիտով, որովհետեւ ինձ համար շատ ավելի կարեւոր է Գագիկ Խաչատրյանի քրեական գործը, քան Ամուլսարի գործը, որովհետեւ այնտեղ խոսքը գնում է պետությանը պատճառված վնասի մասին, իսկ այստեղ քննարկում է ընթանում, թե հնարավոր է որ վնաս լինի, թե չլինի»։