«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանն այսօր խմբակցության նիստից հետո ասաց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան. «Այսինքն՝ մնացել ենք նույն այն մոտեցմանը, որ պետք է այս պահին սպասենք կառավարության քայլերին, որն ուղարկվել է Շրջակա միջավայրի նախարարություն, և սպասենք պատասխանին: Այդ հարցն օրակարգային հարց չէր, էպիզոդային քննարկում է եղել»:
Պատգամավորի խոսքով՝ «Եթե 0.001 տոկոս ռիսկ կա, թեկուզ երկրաշարժի դեպքում, քամու դեպքում, կամ նման ինչ–որ բան, իմ դիրքորոշումը հստակ է՝ եթե կա գոնե մեկ անձի թունավորման ռիսկ, իմ դիրքորոշումը չի փոխվելու»։
Նա նաև նշեց, որ «Իմ քայլի» այսօրվա նիստում Ամուլսարի հարցով կարծիքներ հնչել են, բայց զարգացումներ չկան. «Այսինքն մնացել ենք այն նույն մոտեցմանը, որ պետք է սպասենք կառավարության քայլերին, Շրջակա միջավայրի նախարարության պատասխանին»։
Սոֆյա Հովսեփյանը շեշտում է՝ խմբակցությունում Ամուլսարի հարցով տարաձայնություններ, պառակտումներ չկան, կա այլակարծություն. «Մի մասը կարծում է, որ հանքը պետք է բացվի, մյուս մասը գտնում է, որ ոչ»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ներքին հրահանգ կա՞, որ պատգամավորները չխոսեն Ամուլսարի հարցով, նա պատասխանեց. «Նման հրահանգ կամ առաջարկ չի եղել, ընդամենը ամեն մեկը որոշել է լռել կամ խոսել»։