Քիչ առաջ ավարտվեց սնանկության գործով դատական նիստը՝ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա «Երևանի Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին սնանկ ճանաչելու պահանջի մասով։ Դիմում ներկայացրած «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ի փաստաբան Հարություն Հարությունյանը հայտարարեց, որ իր վստահորդ ընկերությունը բեռնափոխադրման ծառայություններ է մատուցել «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ» ԲԲԸ-ին։ Թեև նրանց միջև տարիներ շարունակ եղել են գործընկերային լավ հարաբերություններ, սակայն հերթական անգամ մատուցած ծառայությունների դիմաց գումարը «Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ը հրաժարվել է վճարել. խոսքը 120 մլն դրամի մասին է։ Քանի որ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊԸ-ն բեռնափոխադրումների գործընթացին ներգրավել է նաև այլ ընկերություններին պատկանող մեքենաներ, նա էլ իր հերթին չի կարողանում վճարել նրանց և բախվել է ֆինանսական լուրջ խնդիրների։

 

«Արարատ կոնյակի-գինու օղու կոմբինատ»-ի ներկայացուցիչ Արմեն Օհանյանն էլ նշեց, որ իրենք չեն ընդունում ներկայացված պահանջը․ «Չեմ ընդունում հենց այն փաստաթղթի հիմքով, որը վերաբերում է կողմերի միջև կնքված պայմանագրին։ Դիմող կողմը ներկայացրել է փաստաթղթի այն դրույթները, որոնք հնարավորություն կտային ներկայցնել տվյալ դիմումը, այնինչ պայմանագիրն ունի այլ կետեր, ըստ որոնց՝ ներկայումս դիմողը շատ ավելի մեծ գումարներ է պարտք գործարանին, քան հակառակը»,- նշեց  նա։ 

 

 

 

 

Արմեն Օհանյանը առաջարկեց հրավիրել ևս մեկ դատական նիստ, որպեսզի դիմող կողմը հիմնավորի 120 մլն դրամի պահանջը:

Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 25-ին, ժամը՝ 14:30-ին ՀՀ սնանկության դատարանում՝ դատավոր Արթուր Աթաբեկյանի նախագահությամբ։

 

Սոնա Հարությունյան