ՀՀ կառավարությունը երեկ հաստատեց Քրեական օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով հնարավոր կլինի պայքարել օրենքով գողերի և քրեական հեղինակությունների դեմ։
 
Օրենքի փոփոխութան, դրական ու բացասական կողմերի, սպասվող արդյունքների մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցեց հոգեբան-քրեագետ Արշակ Գասպարյանիհետ։ «Քրեական հեղինակություններին, նրանց հարողներին, նրանց դիմողներին պետք է քրեական ներգործության և քրեական պատժի ենթարկել։ Կարծում եմ՝ նոր փոփոխությունները շատ կարճ և անարդյունավետ ճանապարհ են և այդ տարբերակով քրեական հեղինակություններին չեն նվազեցնում առավել ևս ՀՀ-ում»,- ասաց Գասպարյանը։
 
Փորձագետը տարբերակներ ներկայացրեց, թե ինչպես կարելի է հասնել դրական արդյունքի։ Նրա խոսքով՝ ավելի ճիշտ ճանապարհ է նախ զարգացնել սոցիալական և կրթական ոլորտները, արդյունքում ունենալ առավել զարգացած հասարակություն, որտեղ հանցագործություն կատարելը կլինի ամոթ և ոչ միայն քրեորեն պատժելի․ «2-րդ կարևոր կետը գործող իրավակարգավորումներն օգտագործելն է․ որևէ մեկն այսօր մեղադրող դատախազին չի արգելում դատախազական ճառի ժամանակ՝ ոչ մեղադրական եզրակացութան ժամանակ, անձի առանձնահատկությունները դիտարկելիս անպայման հղում անել նրա քրեական հեղինակություն լինելուն, որևէ մեկը չի արգելում՝ հաշվի առնելով նրա անձնային առանձնահատկությունները և անձի հնարավորությունները, հանցանքի համար մեղադրվող անձին առավել ծանր պատժատեսակ տալ։ Որևէ մեկը չի արգելել ոստիկանությանը ճիշտ գործել օպերատիվ հետախուզական գործունեության մասին օրենքի շրջանակներում՝ իր դրսային, արտաքին, ներքին դիտումների, գործակալական ցանցի միջոցով բացահայտել հանցագործություն կատարած անձին և ուղարկել քրեակատարողական հիմնարկ։ Եթե անձը քրեական օրենսգրքի սահմանը հատել է, պետք է պատասխանատվության ենթարկել, իսկ եթե քրեական հեղինակությունն է՝ դրա մասին նշում կատարել դատախազական ճառի և դատարանի վերջնական որոշման մեջ։ Ամերիկան լավ մեթոդ ունի և գտնում է՝ ամբողջ իրավական համակարգը կարելի է փոխել։ Ասում է՝ երբ բռնում ես թմրադեղ վաճառողի, թող նա ասի ևս 12 անձի անուն, որոնք թմրադեղ են վաճառում, առավել խոշոր չափերի դեպքում այդ մարդու համար նվազագույն պատժաչափ լինի և այդ մարդիկ շահագրգռված լինեն իրենց գործընկերների անունները տալով մնան հասարակությունում և դրանով արդեն իսկ կնվազի կրկին անգամ նույն մարդկանց հետ  հանցանք գործելը»,- ասաց նա։ 
 
Ըստ Գասպարյանի՝ պետք է պայքարել ոչ թե հանցագործության դեմ, այլ՝ առողջ հասարակություն ունենալու համար: Նրա կարծիքով՝ նոր նախագծում հաշվարկված չեն ռիսկերն ու արդյունավետությունը․ «Ինչո՞ւ հավանություն տալ մի ծրագրի՝ երբ չգիտես ինչպես է կիրառվելու, ինչու է կիրառվելու և ինչ արդյունք է տալու»։
 
Օրենսդրական այս փոփոխությունների ֆոնին հատկանշանական է հիշել ներկայիս իշխանությունների և քրեական աշխարհի ներկայացուցիչների հետ կապն ու դրանց մասին մամուլի բազմաթիվ հրապարակումները։ Հատկապես խոսվում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի և Քանաքեռցի Տույ անունով հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանի կապի մասին։ Դեռևս նախորդ տարվա սեպտեմբերին, երբ Փաշինյանն այցելել էր Տավուշի մարզ՝ գործարարների հետ հանդիպման, առաջին շարքում նստած էր նույն ինքը՝ Տույը։ Նկատենք, որ վերջինս միակ քրեական հեղինակությունը չէ, ում անունը կապվում է իշխանական թիմի հետ: Նկատի ունենալով այս հանգամանքը՝ կարելի է կարծել, որ Փաշինյանը դեմ չէ իր «գողականներն» ունենալուն: 
 
Քանաքեռցի Տույը՝ կարմիր վերնաշապիկով