Կառավարության սկայպ-հարցազրույցը ԷԼԱՐԴ-ի փորձագետների հետ մի շարք ուշագրավ կետեր է պարունակում: Խոսքը, մասնավորապես, փորձագետների հետևյալ պնդման մասին է, որ Լիդիանի տվյալները թերի են և անվստահելի, հետևաբար պետք է նոր ՇՄԱԳ: Փորձագետները նաև հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի կողմից է առաջարկվել կազմել Մեմորանդում փաստաթուղթը, հարցը առաջադրել է ՔԿ-ն՝ առանց կառավարության գիտության, և փորձել են հասկանալ ՔԿ-ի մասնագետներով՝ հնարավոր է արդյոք այդ հանքի շահագործումը, թե ոչ, մինչ դեռ տեխնիկական առաջադրանքը դա չէր: Բացի այդ, պարզվում է, որ ԷԼԱՐԴ-ի թիմը տեղյակ չէ , թե ինչ 10 մեղմացուցիչ կետերի մասին է խոսքը, որոնց իրագործման պարագայում հանքի շահագործումը անվնաս կդառնար: Ակնհայտ էր փորձագետների այն ակնարկը, որ Քննչական կոմիտեն դիտավորությամբ տեղեկություներ է թաքցրել: Այդպե՞ս է դա արդյոք և արդյո՞ք պնդումները, որ գործ ունենք սաբոտաժի հետ ճիշտ են:
 
Երեկ ևս մեկ սկանդալ ծագեց: Infocom.am կայքը հետաքննություն էր հրապարակել, որում ապացուցվում է, որ Ամուլսարի գործով քննչական խմբի ղեկավար Յուրա Իվանյանը, ով Իվանյան դառնալուց առաջ Գրիգորյան է եղել, Ամուլսարի հանքի շահագործման ծրագրի դրական եզրակացությունը հաստատած բնապահպանության նախկին նախարար Արամայիս Գրիգորյանի հորեղբոր որդին է։ Քննչական կոմիտեն չի էլ փորձել հերքել այդ տեղեկությունը, սակայն որևէ կարգապահական վարույթի հարուցման կամ հետաքննության մասին դեռևս խոսք չկա: Քննչական կոմիտեն նաև հիշեցրել է, որ քննիչ Իվանյանի վարույթում քննված գործով Քննչական մարմինն իրավասու չէ Ամուլսարի հանքի շահագործմանը դրական եզրակացություն տալ, կամ ինչպես նշված է հիշյալ նյութում` հաստատել դրական եզրակացությունը: Դժվար է, իհարկե, պատկերացնել, որ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը փորձել է քցել Նիկոլ Փաշինյանին: Հետևաբար մնում է երկրորդ տարբերակը: Դժվար թե Քննչական կոմիտեն տեղեկատվությունը ինքնագլուխ տրամադրեր փորձագետներին: Տրամաբանական է, որ այդ տեղեկատվությանը ծանոթ էին նաև կառավարությունում, սակայն այսօր, երբ հանրային լուրջ ճնշում կա և Փաշինյանը ամեն գնով ջանում է ջրից չոր դուրս գալ՝ փորձ է արվում սլաքները ուղղել Քննչական կոմիտեի կողմը: Ստեղծված իրավիճակում Փաշինյանը ստիպված է ինչ-որ մեկին «ժերտվա» տալ, այլ հարց է , թե ով կլինի այդ մարդը՝ Իվանյանը՞, թե Փաշինյանը կգնա ավելի հեռուն:
 
Վերջին շրջանում մամուլում պարբերաբար հրապարակումներ են հայտնվում, որտեղ խոսվում է Սասուն Խաչատրյանի մոտալուտ հրաժարականի մասին: Խաչատրյանը Փաշինյանի համար անչափ կարևոր կադր է, բացի այդ՝ վարչապետը դժվար թե ցանկանա դառնալ սորոսականների աչքի փուշը, այն պարզ պատճառով, որ Խաչատրյանի եղբայրը Սորոսի ֆոնդի վարչության անդամներից է: Սակայն մի բան ակնհայտ է՝ իշխանությունը պահելու համար Փաշինյանը զոհաբերելու է բոլորին, և այս հարցում անձեռնմխելիներ չեն լինելու…