Երևանի թիվ 16 հատուկ դպրոցի ծնողները բողոքի ակցիա իրականացրին ընդդեմ դպրոցի փակման: Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության հանրակրթության վարչության պետ Աշոտ Արշակյանն ասել է, որ դպրոցը չի լուծարվում: Խնդիրն այն է, որ «Հանրակրթության մասին» օրենքի համաձայն՝ անցում է կատարվում համընդհանուր ներառման: Երևանյան բոլոր դպրոցներն այս տարի պետք է անցնեն դրան: Ըստ վարչության պետի՝ ՀՀ օրենսդրությամբ՝ գիշերօթիկ դպրոց գոյություն չունի: Լինելու են բժշկամանկավարժական-հոգեբանական կենտրոններ, իսկ Երևանի թիվ 16 հատուկ դպրոցը շարունակելու է գործել մինչ կառավարության համապատասխան որոշման ընդունումը:

Իսկ թե ինչու են ծնողները սպասվելիք փոփոխության մասին ուշ տեղեկացվում, վարչության պետն ասաց, որ դպրոցի կոլեկտիվը հունիսին այդ մասին ծանուցվել է: Իսկ դպրոցի տնօրենն ասաց, որ ինքը պետք է իրավական հիմք ունենա՝ հրամանը կատարելու համար:

«Եթե ԿԳՄՍ նախարարությունն ասում է, որ սեպտեմբերից ֆինանսավորում չկա, ապա պետք է դրա գրավոր փաստաթուղթը լինի, որի հիման վրա ես իմանամ, որ աշակերտներին այլևս ճաշ չեմ տալու, միայն ուսումնական պրոցես եմ կազմակերպելու: Ես ի՞նչ իրավունք ունեմ մարդուն աշխատանքով ապահովելու, ճաշարանի աշխատակից է, գիշերային դայակ է, մարդը գործի է եկել»,-ասաց կրթօջախի ղեկավարը: Ըստ նրա՝ ուսումնական պրոցես կազմակերպվել է, սակայն օրվա վերջում 170 աշակերտին սնունդով ապահովել չի կարող՝ ֆինանսավորում չլինելու պատճառով:

ԿԳՄՍ նախարարություն էլ սննդի ապահովման հասցեատեր է համարում աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը:

Ծնողներից մեկը դժգոհեց, որ իրեն ու իր նմաններին սպառնում է առանց աշխատանքի, երեխաներին էլ անուսում մնալու հեռանկարը:

«Եթե երեխաս ցերեկային դպրոց է հաճախելու, ցերեկը տուն է վերադառնալու, ես ստիպված կլինեմ աշխատանքից դուրս գալ՝ երեխայիս խնամելու համար: Դրա հետևանքով կդառնամ գործազուրկ, երեխաս էլ կրթություն չի կարող ստանալ»,-նկարագրեց ծնողը:

Դպրոցի տնօրենն ասաց, որ խնդրի լուծման համար մտադիր է «լայվ անել» վարչապետի հետ: