Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ սեպտեմբերի 3-ին, նոր որոշում է ստորագրել. Սուրեն Ղամբարյանին ազատել է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության ծառայության պետի պաշտոնից: Վերջին շրջանում շատ էին խոսակցությունները, որ լարված են ծառայության պետ Սուրեն Ղամբարյանի և նրա տեղակալ Արսեն Օհանյանի, ինչպես նաև ծառայության գլխավոր քարտուղար Վանիկ Բաբաջանյանի հարաբերությունները։

 

Վերջիններս սոցիալական ցանցերում գրառումներ էին կատարում, որ Սուրեն Ղամբարյանը ծառայությունում անառողջ մթնոլորտ է ստեղծում։ Սուրեն Ղամբարյանը, սակայն, հրաժարվում էր մեկնաբանել իրավիճակը։ Նախարար Զարուհի Բաթոյանը որոշել էր խնդիրը լուծել Օհանյանին աշխատանքից ազատելով, այսօր սակայն նույն բախտին արժանացավ նաև Ղամբարյանը: Սուրեն Ղամբարյանը Հայկ Սարգսյանի մտերիմ ընկերն է, Իմքայլական երիտասարդների շրջանում հայտնի է «Հայկի Սուրո» անվամբ: Սուրեն Ղամբարյանը նախկինում աղմուկի կենտրոնում է եղել, երբ ՊԵԿ-ում է աշխատել: Կոռուպցիոն սկանդալի պատճառով նրան առաջարկել են դիմում գրել և հեռանալ: Մինչ հեղափոխությունը Ղամբարյանն աշխատանք չի ունեցել, իսկ հեղափոխությունից հետո Հայկ Սարգսյանի հետ հայտնվել է Պետական վերահսկողական ծառայությունում: Զբաղեցրել է Պետական վերահսկողական ծառայության տնտեսական ոլորտի վերահսկողության վարչության պետի պաշտոնը: Ղամբարյանն իր գործելավոճով այնքան ոչ պրոֆեսիոնալ է եղել, որ անգամ նրան տանել չի կարողացել բոլորին սիրող Դավիթ Սանասարյանը: Վերջինս Ղամբարյանին առաջարկել է դիմում գրել և հեռանալ:

Ասում են, որ Սուրենի համար Հայկ և Նաիրի Սարգսյաններն են երաշխավոր կանգնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, նա էլ նշանակել է: Ղամբարյանը համարվում էր նաև Սարգսյանների հոր՝ Զարեհ Սարգսյանի հովանավորը:  Նախարար Զարուհի Բաթոյանին էլ անհանգստացնում էր այն հանգամանքը, որ Ղամբարյանը աշխատում է հենց Սարգսյանի համար, առաջ տանում վերջինիս շահերը: Զարեհ Սարգսյանը դեռևս Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ երկար տարիներ աշխատել է այդ համակարգում, 1996-ին զբաղեցրել է սոցիալական ապահովության նախարարությանն առընթեր կենսաթոշակային վարչության պետի պաշտոնը, բայց իրենից հետո բարի հիշողություններ չի թողել։ Մեր օրերում էլ Սարգսյան ավագը փորձում է «կանտրոլի» տակ պահել նախարարությունը՝ կադրային քաղաքականությունում թելադրողի դերը ստանձնելով: Սա, իհարկե, չէր կարող չխանգարել նախարար Բաթոյանին: Կարելի է ենթադրել, որ վերջինս առաջարկել է Փաշինյանին զոհաբերել Ղամբարյանին, քանի որ վերջինիս պատճառով «սորոսականները» նախարարությունում բարդությունների առաջ են կանգնում: Փաշինյանն էլ, ինչպես երևում է, այս հեռակա հակամարտության մեջ բռնել է Բաթոյանի, այլ ոչ թե իր մտերիմների՝ Հայկ ու Նաիրի Սարգսյանների կողմը: