Այսօր ՀՀ Կառավարությունը հավանություն տվեց նախագծին, որով առաջարկվում է 2020 թվականի հունվարի 1-ից 4 տարվա արտադրության տրանսպորտային միջոցներ ներմուծող կազմակերպություններին ազատել ավելացված արժեքի հարկից:
Նոր նախագծում տեղ գտած փոփոխությունների մասին ԼՈՒՐԵՐ.com-ը զրուցեց իրավաբան, Ավտովարորդների իրավուքների պաշտպանության լիգայի փոխնախագահ Գևորգ Հովհաննիսյանի հետ։
«Նախագծի վերաբերյալ ես ունեմ բացասական կարծիք, քանի որ նախապես հանրային քննարկման չի արժանացել։ Եվ, ըստ էության, կոմպետենտ այն մարմինները և հասարակական գործունեություն իրականացնող այն կազմակերպությունները, որոնք մասնագիտական գիտելիքների առումով շատ ավելի լավ են տիրապետում կարգավորվող հարցերին, անտեղյակ են եղել։ Արդյունքում՝ խախտվել է հանրային կառավարման սկզբունքը՝ իրազեկելու շահագրգիռ անձանց»,- ասաց Հովհաննիսյանը։
Իրավաբանը նշեց, որ անտեսվել է տնտեսվարող սուբյեկտների, հատկապես ֆիզիկակական անձանց իրավահավասար հարթություն բերելու և բարենպաստ պայմաններ ստեղծելու հարցը։ Ստացվում է՝ որոշակի տնտեսվարող սուբյեկտների տրվում է արտոնություն՝ որոշակի մեքնաներ ներկրելու հետ կապված, իսկ ֆիզիկական այլ անձանց ՝ ոչ։ Այսինքն՝ շարքային այն քաղաքացին, որը պատեհ պահերին հենարան է հանդիսացել, պետությունը ցնցումներից հետ պահել, պետության կողմից աջակցության չի արժանանում տվյալ հարցում։
«Ըստ էության, մենք ավելի կոնկրետ իրավական ակտերում ունենք նաև հետադարձ ուժի խնդիր։ Այսինքն՝ որոշակի դեպքերում, երբ օրենքը ունեցել է որոշակի իրավական կարգավիճակ, որը փոփոխություններից հետո պետք է դառնա շատ ավելի բարենպաստ, քաղաքացին հայտնվում է ավելի վատ վիճակում։ Արդյունքում՝ սահմանվում են նոր պարտականություններ, կարգ, դրամական պարտավորությունների հաշվարկման բանաձևեր են փոխվում կամ սահմանվում ինչ որ նոր պարտավորություններ, որոնք նախկինում չէին եղել»,- նշեց իրավաբանը։
Ըստ Հովհաննիսյանի՝ շարունակում է կաղալ հասարակական հսկողության ինստիտուտը։ Մինչդեռ պետք է հակառակը լիներ՝ հասարակական հսկողությունը լիներ բարձր և ստեղծվեին համապատասխան խորհուրդներ՝ պետական կառավարման մարմիններում։
Իրավաբանն անդրադարձավ նաև մարդու իրավուքներին՝ նշելով, որ տնտեսվարող սուբյեկտը ստիպված է լինում իրեն վերապահված իրավունքների իրացման նկատառումով դիմել համապատասխան ատյաններին։ Ինչի հետևանքով էլ ծանրաբեռնվում են պետական համարգի գործունեությունն ու դատական համակարգի գործունեությունը։
«Կառավարության պատկան մարմինների կողմից հրապարակավ քննարկումներ կազմակերպելու արդյունքում մենք կունենանք առողջ նախագծեր, և հիմնավորապես պաշտպանված մարդու իրավունքներ։ Այս ամենի բացակայությամբ էլ կունենանք հետընթաց»,- իր խոսքն ամփոփելով նշեց իրավաբանը։