ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը Համաշխարհային էներգետիկ 24-րդ կոնգրեսի շրջանակներում սեպտեմբերի 9-ին հանդիպել է Համաշխարհային էներգետիկ խորհրդի նախագահ Յ. Դևիդ Կիմի հետ։
Ինչպես հայտնեցին ՀՀ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, հանդիպմանը քննարկվել են կազմակերպության և Հայաստանի ազգային կոմիտեի միջև համագործակցության հետագա ուղղությունները: Հայաստանի էներգետիկ հնարավորություններին տեղում ծանոթանալու նպատակով նախարար Պապիկյանը Դևիդ Կիմին հրավիրել է Հայաստան:
ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Մհեր Մկրտումյանի ուղեկցությամբ նախարար Պապիկյանը շրջել է կոնգրեսի էքսպո-ցուցահանդեսի տաղավարներով, միջուկային էներգետիկային վերաբերող ընկերությունների տաղավարներում ծանոթացել միջուկային ոլորտում տեխնոլոգիաների առաջընթացին: Մասնավորապես, նախարարին ներկայացվել են փոքր մոդուլյար ռեակտորների ոլորտի զարգացումները' հաշվի առնելով Հայաստանում դրանք կիրառելու հեռանկարները։