Այսօր կառավարության նիստում «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի շուրջ ակտիվ քննարկում ծավալվեց։

Արդարադատության փոխնախարար Ռաֆիկ Գրիգորյանը ներկայացրեց, որ կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի նպատակով նախագծով առաջարկվում է հարուցված քրեական գործերով վերացնել բանկային գաղտնիք կազմող տեղեկությունների ստացման համար սահմանված սուբյեկտային սահմանափակումը և դրան զուգահեռ՝ դատական վերահսկողության շրջանակներում նախատեսել երաշխիքներ՝ քննիչը բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու միջնորդություն կարող է ներկայացնել բացառապես դատախազի համաձայնությամբ և գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հաստատմամբ, բանկային գաղտնիք կազմող տեղեկությունները ստանալու քննիչի միջնորդության բավարարման դեպքում դատարանը պետք է կայացնի պատճառաբանված որոշում, որում պետք է գնահատի, թե արդյո՞ք քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանք պարզելու համար անհրաժեշտ է նշված տեղեկությունների բացահայտումը, Դատարանն այդ հանգամանքը պետք է գնահատի քննիչի կողմից ներկայացված ծանրակշիռ, քրեական գործի նյութերից բխող վերաբերելի, արժանահավատ և բավարար տվյալների հիման վրա, և այլն։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ հարցը տարբեր ֆորմատներով շատ երկար քննարկվել է, առկա են եղել բազմաթիվ մտահոգություններ, բայց քաղաքական եզրակացությունն է՝ կամ պայքարում են կոռուպցիայի դեմ, կամ չեն պայքարում կոռուպցիայի դեմ.

«Կիսապայքարն ընդունելի չի։ Այս ընթացքում մենք ունեցել ենք դեպք, երբ իմացել ենք, որ X բարձրաստիճան պաշտոնյան կամ նրա փեսան ապօրինի ձևով ձեռք բերված գույքը վաճառքի է հանել, այդ գույքը ֆորմալ ձևակերպված է ուրիշ մարդու անունով, այդ ուրիշ մարդու հետ կապված իրավական պրետենզիաներ չկան, գույքը վաճառվել է, և իմացել ենք, որ գումարը հանվելու է դուրս։ Այսինքն՝ ըստ էության, մեր ոչ թե աչքի առաջ, բայց մենք իմացել ենք, որ հիմա դա տեղի է ունենում, բայց օրենքի սահմանափակումներ են եղել, որ կամ պետք է շատ կոպիտ ապօրինի միջամտություն անեինք, որի բացատրությունը հետո իրավական առումով շատ դժվար կլիներ, կամ պետք է լուռ հետևեինք, թե ոնց են թալանվածը թաքցնում։ Մեր քաղաքական որոշումը շատ հստակ է և միանշանակ՝ մենք կոռուպցիայի դեմ կիսապայքար չենք անելու, և պետք է ստեղծենք ինստիտուցիոնալ այնպիսի մեխանիզմներ, որ ընդհանրապես կասկած չլինի ՀՀ ժողովրդի ու կառավարության այս առումով ունեցած մտադրությունների վերաբերյալ։ Ես կարծում եմ՝ սա մեր ամենակարևոր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկն է»,-ասաց վարչապետը։