Օրերս «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ դանակահարված անչափահաս տղա է տեղափոխվել հիվանդանոց։

Ինչպես հայտնեցին ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վնասվածքը որովայնին է եղել, թափանցող։ Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս հասցնելու հատկանիշներով։

Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները բազմաբնույթ օպերատիվ միջոցառումների շնորհիվ պարզել են, որ դեպքը տեղի է ունեցել Էջմիածնում գտնվող այգիներից մեկի տարածքում։ Մի խումբ երիտասարդների վեճը հանգուցալուծվել էր դանակահարությամբ։ Շուտով պարզվել է նաև հանցագործությունը կատարելու մեջ կասկածվող անձի ինքնությունը։

16-ամյա երիտասարդը բաժին բերվելուց հետո ներկայացվել է դեպքի նախաքննությունը վարող մարմնին և ձերբակալվել, իսկ սեպտեմբերի 9-ին դատարանի որոշմամաբ կալանավորվել։

 

Հետախուզական միջոցառումներն ու քննչական գործողությունները շարունակվում են։