ՀՀ պաշտպանության նախարարի մամուլիխոսնակ Արծրուն Հովհաննիսյանը իրավաչափ չի համարում Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի «Շուշի քրեակատարողական հիմնարկ»-ում գտնվող ադրբեջանցի երկու դիվերսանտի փոխանակումը Ադրբեջանում գտնվող ՀՀ քաղաքացիների և զինծառայողների հետ:

Հովհաննիսյանն այս մասին ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով հարցին՝ փոխանակման նմանատիպ հնարավորություն կա՞, թե՞ ոչ:

«Գուցե և հնարավոր է, սակայն այդ քայլն իրավաչափ չէ, քանի որ ադրբեջանական կողմից եղել են ահաբեկիչներ, ովքեր սպանել են երեխաների, իսկ մեր կողմից հակառակորդի տարածքում հայտնված անձինք մոլորվածներ են: Կա ևս մեկ հանգամանք՝ պետք է ճշտել' ադրբեջանական կողմը համաձա՞յն է, թե' ոչ կամ նրանք ցանկանո՞ւմ են այդ երկուսի դիմաց բոլորին ետ տալ»,- նշեց Հովհաննիսյանը:

Ադրբեջանի քաղաքացիներ Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը, որոնք ունենալով զենք ու զինամթերք, 2014 թվականի հունիսի 29-ին հետախուզական գործողությունների նպատակով ապօրինաբար հատել էին ԼՂ սահմանը և ներխուժել Շահումյանի շրջանի տարածք, այժմ պահվում են Շուշիի քրեակատարողական հիմնարկում:

Արցախի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի վճռով Դիլհամ Ասկերովը դատապարտվել է ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման:

Այս անձինք հատուկ առաջադրանքով տեղեկություններ էին հավաքել, լրտեսական գործունեություն իրականացրել: Նրանք զենքի գործադրմամբ հուլիսի 4-ին առևանգել էին ԼՂանչափահաս քաղաքացի Սմբատ Ցականյանին, որի մարմինը հրազենային վնասվածքներով հայտնաբերվել էր հուլիսի 15-ին Քարվաճառ և Մանաշիդ համայնքների միջև ընկած անտառային զանգվածում: