Երևանի թիվ 13 հատուկ երաժշտական դպրոցի արդեն նախկին տնօրեն Սամվել Երանյանն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել և բարձրաձայնում էր իր հետ պատահած անօրինականությունները:

Բանն այն է, որ այս տարի դադարեցվել են իր լիազորությունները՝ նկատողությունների պատճառով: Նա կասկածներ ունի, որ սա վաղուց է որոշված եղել նոր իշխանությունների կողմից: Երանյանն ընդունում է, որ նկատողությունները, որոնք նա ստացել է, ճիշտ են, բայց միևնույն ժամանակ վստահ է, որ դա հետևողական աշխատանքի արդյունք է եղել: Ըստ բանախոսի՝ այժմ դպրոցն ունի մեկ այլ ժամանակավոր պաշտոնակատար՝ Աննա Գրիգորյան:

Նախկին տնօրենին զարմացնում է այն, որ նշանակված ներկայիս պաշտոնակատարը նախկինում իրենց դպրոցի հետ առնչություն չի ունեցել։ «Տնօրենի 4 փոխտնօրեններից ոչ ոք չի նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար: Մինչև այսօր չեմ կարողանում հասկանալ, թե ինչն է խնդիրը։ Ինչու չեն ուզում փոխտնօրեններից մեկին նշանակել։ Ինձ ասում են՝ դատարան դիմիր,- ասաց Երանյանը:

«Դպրոցը պարալիզացված է. աշխատավարձ չեն ստացել, դասացուցակ չունեն»,- նշում է բանախոսը: Իր ունեցած տվյալներով՝ 15 հոգու պետք է աշխատանքից ազատեն: Նա վստահ է, որ դրանք այն մարդիկ են, ովքեր իր հետ են աշխատել:

«Ես այստեղ եմ, որպեսզի պաշտպանեմ հենց այդ մարդկանց իրավուքները: Չեմ ուզում, որ նրանք անգործ մնան»,-ասում է բանախոսը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ի նախաշեմին դպրոցի տնօրեն, ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի և Ապրիլյան պատերազմի մասնակից, ՀՅԴ անդամ Սամվել Երանյանն ազատվել էր աշխատանքից: