Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 14-ին մեկնել է Գեղարքունիքի մարզ՝ Սևանի թերակղզում մասնակցելու Eco fish fest ձկան փառատոնին: Ելույթ ունենալով փառատոնի մասնակիցների ներկայությամբ՝ Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Հայաստանում զարգանում է փառատոնային մշակույթը: «Սա ունի երկու կարևոր իմաստ: Առաջինը՝ երկրում տրամադրությունը փոխվում է, բարձրանում է: Մենք իսկապես պետք է մեր առօրյան ավելի ուրախ և էներգիայով լի կազմակերպելու առիթները բաց չթողնենք: Երկրորդը՝ այս կարգի միջոցառումները կարևոր են Հայաստանի տնտեսության զարգացման գործում, դրանք զարգացնում են զբոսաշրջությունը, ռեստորանային բիզնեսը և գուցե ավելի շատ մեր ուշադրությունը հրավիրում այն խնդիրների վրա, որոնք ունենք Սևանում և դրա շուրջ»,- նկատել է ՀՀ վարչապետը:

Նա հույս է հայտնել, որ Հայաստանի կառավարությունն ու Սևանի շրջակայքում բիզնես իրականացնող մեր հայրենակիցները կկարողանան համադրել պատկերացումները Սևանի զարգացման մասին: «Սևանի զարգացման հետաքրքիր և լուրջ նախագծեր կան: Դրանք պետք է զարգացնենք այնպես, որ ոչ թե հակադրություն առաջանա բիզնեսի և կառավարության միջև, այլ անենք դա համագործակցության ոգով»,- ասել է Փաշինյանը:

 

Խոսելով Սևանա լճի մասին՝ վարչապետը փաստել է, որ նախորդ տարվա համեմատ լճի մակարդակը բարձրացել է 3 սմ-ով, իսկ ջրային պաշարներն ավելի են շուրջ 900 մլն խմ-ով:

Նիկոլ Փաշինյանը հրավիրել է բոլորին՝ գալու և մասնակցելու Eco fish fest փառատոնին, որը շարունակվելու է մինչև 20:00-ն և եզրափակվելու է առաջին անգամ Սևանա լճի տարածքից կազմակերպվող աննախադեպ հրավառությամբ: