ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, Բաքվում Միացյալ Նահանգների նախկին դեսպան Մեթյու Բրայզան, ով վերջերս հաճախ է խոսում Արցախի հիմնախնդրի կարգավորման թեմայով, ինքն էլ չուզենալով` հաստատեց այն, ինչի մասին ավելի քան մեկ տարի է՝ ահազանգում են Փաշինյանի ընդդիմախոսները։
 
«Ես գիտեմ, որ Բաքվում ամենաբարձր մակարդակով կա նոր մակարդակի վստահություն ԼՂ հարցով վարչապետ Փաշինյանի մտադրությունների վերաբերյալ,- ասել է նա` արձանագրելով,- Բաքուն շա՜տ է ուզում «առաջ շարժվել վարչապետ Փաշինյանի հետ կարգավորման հարցում, բայց մշտապես կա կասկած` արդյոք, վարչապետ Փաշինյանը կկարողանա արդյունավետորեն կոնսոլիդացնել իր սեփական քաղաքական ուժը, քանի որ հին համակարգն աշխատում է իր դեմ, շարունակվում է մրցակցությունը, ճնշումները։ Ուստի կարծում եմ, որ այս հարցն է ներկայումս դանդաղեցրել առաջընթացը և ճնշում է վարչապետ Փաշինյանին»։
 
Իրականում ստացվում է հետևյալը. Փաշինյանն ինչ-ինչ համաձայնությունների է հասել կամ ինչ-որ բան է խոստացել Ադրբեջանի ղեկավարությանը կամ արևմուտքին, կամ՝ երկուսին էլ: Սակայն Փաշինյանը փայլուն գիտակցում է, որ այդ խոստման իրականացումը, այն է՝ տարածքներ զիջելը, կարող է իշխանության գին ունենալ իր և իր քաղաքական թիմի համար: Եթե դիտարկենք արդեն իսկ պաշտոնից հեռացած Բոլթոնի պլանը, ապա այն ենթադրում էր գումար տարածքի դիմաց, ըստ էության, այդ պլանը մերժվել է Հայաստանի իշխանությունների կողմից՝ հաշվի առնելով հավանական ռիսկերը: Բացի այդ, ուշագրավ է Բրայզայի կողմից՝ Փաշինյանի իրավիճակի համեմատությունը այն իրավիճակի հետ, որում գտնվել են ՀՀ բոլոր նախկին ղեկավարները և հատկապես Լևոն Տեր-Պետրոսյանը: Ստացվում է՝ այժմ էլ միջազգային հանրությունը Փաշինյանից է ակնկալում քայլեր, բայց նրանք նույնիսկ նկատում են, որ ներսում ճնշում կա նրա նկատմամբ, ինչպես եղել է Տեր-Պետրոսյանի, Քոչարյանի ու Սարգսյանի տարիներին: Սակայ ովքե՞ր են ճնշում, և արդյո՞ք Փաշինյանի պայքարը նախորդ համակարգի ներկայացուցիչների հետ հենց այդ ճնշումները չեզոքացնելու փորձեր չեն: Մի բան ակնհայտ է. Բրայզան արտահայտում է ամերիկյան կողմի տեսակետը, ավելի ճիշտ կլինի ասել՝ ցանկությունը, իսկ այն մեկն է՝ Փաշինյանին քիչ ժամանակ է մնացել տված խոստումները ի կատար ածելու համար: