Այսօր՝ սեպտեմբերի 17-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանը` դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդության վերաբերյալ որոշումը. դատարանը մերժեց Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը:

Սպասվող քաղաքական իրադարձությունների մասին  ԼՈւՐԵՐ.com-ը զրուցեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ, պատգամավոր Սարիկ Մինասյանի հետ:

«Ամեն ինչ դեռ նոր է սկսվելու: Եթե դատարանը մերժեց փաստաբանների միջնորդությունը ՍԴ-ի որոշման հետ կապված՝ նորից պետք է դատավարություն լինի: Թե հետո ինչ կլինի՝ դժվարանում եմ ասել: Հնարավոր է ազատ արձակեն Քոչարյանին, բայց հնարավոր է նաև, որ կալանքի տակ մնա»,-նշեց Մինասյանը:

Ըստ Մինասյանի՝ դատարանի որոշումը անկանխատեսելի է՝ չնայած, որ տարբերակները շատ չեն: «Վերջին տարվա ընթացքում մի քանի անգամ ազատ արձակեցին Քոչարյանին, հետո նորից կալանավորեցին: Հենց այս պարագայում է բարդանում «ի՞նչ կլինի հետո» հարցի պատասխանը: Այնպիսի տպավորություն է՝ ասես հասարակությունն էլ է սովորել այս վիճակին»,-ասաց նա:

 

Պատգամավորի կարծիքով` ինչքան շատ ենք խոսում նախկին քաղաքական գործիչների մասին, այնքան նրանք ավելի արդիական են դառնում: Մեր ամբողջ հասարակության ուշադրությունն այս դատավարությունն է:

«Բայց կարծում եմ, որ այս աստիճան ուշադրությունը ևս տեղին չէ: Շատ կարևոր իրադարձություններ  ու ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացներ մեր ուշադրությունից  ուղղակի կարող են վրիպել»,-եզրափակեց Մինասյանը:

Հիշեցնենք,  որ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին: