Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց է սկսել:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է իրենց դիրքորոշումը՝ գործընթացի վերաբերյալ:

«Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու համար իրավական գործընթաց կա Աժ կանոնակարգով մատնանշված: ԱԺ-ի փակ քվեարկությամբ, առնվազն 80 պատգամավորի ձայնով ընդունվում է որոշում, և ԱԺ-ն դիմում է Սահմանադրական դատարան: Որպես այդպիսին, այս գործընթացը տեսականորեն կարող են սկսել, բայց կարևոր է, թե ինչպես են իրականացնելու: Այդ ինչպեսի մեջ է հիմնական խնդիրը. դրա համար ասում ենք՝ բերեք, տեսնենք՝ ինչ եք ուզում դուք, նոր մենք կկարողանանք վերջնական դիրքորոշում հայտնել»,- ասաց պատգամավոր Սիմոնյանը:

Պատգամավորը հայտնեց, որ իրենք նախնական դիրքորոշում չունեն. ամեն ինչ կախված է «Իմ Քայլը» խմբակցության ներկայացրած հիմքերից:

«Մենք մինչև չտեսնենք, թե ինչ են ներկայացնում որպես հիմք, չենք կարող դիրքորոշում հայտնել: Եթե ներկայացված հիմքերը կլինեն իրավական, կընդունենք ի գիտություն, բայց, եթե հիմքերը չլինեն իրավական, մեր դիրքորոշումն այլ կլինի»,- նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորը:

Տարոն Սիմոնայնը կարծում է, որ «Իմ Քայլը» կարող է բազմաթիվ հիմքեր ներկայացնել, որոնցից ամենականխատեսելին Սահմանադրական դատարանի դատավոր Վահե Գրիգորյանի միջնորդությունը շրջանցելն է: Այնուամենայնիվ, թե ինչ արդյունք կունենա սկսված գործընթացը, ԱԺ պատգամավորը չի կանխատեսում: