Կառավարությունը վերջին շրջանում կարծես թե ուշքի է եկել և փորձում է քայլեր կատարել տնտեսության վերակենդանացման ուղղությամբ: Միևնույն ժամանակ պետք է փաստել, որ կատարվող քայլերը միանշանակ բավարար չեն: Գատնիք չէ, որ երբ բյուջեի եկամուտները գերազանցում են ծախսերը, դա ուղղակի հարված է տնտեսությանը։ Սա պարզ ճշմարտություն է և հայտնի իրողություն։ Ու, չնայած դրան՝ կառավարությունը ճիշտ այդպես էլ անում է. հավաքում է եկամուտները, բայց ծախսերը չի կարողանում ժամանակին կատարել։ Խոսքն առաջին հերթին կապիտալ ծախսերի մասին է։ Բայց այնպես չէ, որ մյուս ծախսերը կարևոր չեն։ Եթե նույնիսկ դրանց գծով կան խնայողություններ, ապա խնայողությունները պետք է հնարավորինս արագ վերածել ծախսերի, և ոչ թե՝ ամիսներով քնացնել գանձապետարանի հաշիվներին կամ դեպոզիտ դնել Կենտրոնական բանկում։

Դա ամենևին էլ փողը ռեալիզացնելու լավագույն տարբերակը չէ։ Այս տարվա առաջին 7 ամիսների տվյալներով՝ պետական բյուջեի հավելուրդը կազմել է ավելի քան 103 մլրդ դրամ։ Այսինքն' բյուջեի եկամուտներն այդքանով գերազանցել են ծախսերը։ Դրանք հիմնականում հարկային եկամուտներն են, որոնք դուրս են եկել տնտեսությունից։ Ստացվում է՝ կառավարությունը փողը խնայում է, սակայն չի ծախսում: Իսկ ինչպե՞ս պետք է ծախսի, եթե օրինակ հեղափոխական մարզպետները կառավարությունից գումար ստանալու համար պետք է համապատասխան ծրագիր ներկայացնեն, ինչը չեն անում: Մի շարք մարզպետներ իրենց հարմարավետ աշխատասենյակներում նստած սպասում են, թե երբ պետք է դրսից ներդրումներ գան, ընդ որում՝ ներդրումներ և ծրագրեր՝ մեկ փաթեթում, իսկ իրենք ընդամենը տան այդ ծրագրի իրականացման «դաբրոն», կամ էլ տապալեն ներդրումային ծրագիրը, ինչը հաճախ է պատահել այս ողջ ընթացքում: Հետևաբար, մարզերում խնդիրները կուտակվում են և չեն ստանում որևէ լուծում, չնայած, որ գումար բյուջեում կա:

Հետևաբար, որքանո՞վ է ճիշտ խոսել տնտեսական աճի մասին, հավաքագրված գումարների ավելցուկի մասին, եթե իրականում այդ գումարը նորից չի մտնում տնտեսության մեջ, հետևաբար, երբ չկա կապիտալի շարժ, չի կարող լինել նաև ռեալ տնտեսական ակտիվություն: Սա իհարկե քաղաքական թիմի խնդիրն է, որը չի կարող ռեալ ծրագրեր առաջ բերել և իրականացնել: Սակայն նման անգործության պատասխանը ի վերջո տալու է հենց Նիկոլ Փաշինյանը, ով քաղաքական թիմի հաջողության և ձախողման գլխավոր քաղաքական պատասխանատուն է: