Միլիոնավոր կանայք ամեն օր թարթիչներին սևաներկ են քսում՝ ցանկանալով հայացքն ավելի տպավորիչ դարձնել։ Բրիտանացի բժիշկները նրանց համար վատ նորություններ ունեն. սևաներկը կարող է վտանգավոր լինել աչքերի համար։

Մաշկաբան Ալեքսիս Գրենիթի խոսքով՝ սևաներկի մշտական օգտագործումը կարող է հանգեցնել աչքերի բորբոքման և թարթիչների թափվելուն։ Ամենավտանգավորը, փորձագետի խոսքով, ներկված աչքերով քնելն է. դա վնասակար է ծակոտիների համար և կարող է հանգեցնել դրանց փակման ու աչքերի մաշկի շուրջ բորբոքման, որն իր հերթին կհանգեցնի թարթիչների կորստի։

Ակնաբույժների բրիտանական ասոցիացիայի ներկայացուցիչ Չերի Սմիթ-Ջեյնսն իր հերթին ավելացրել է, որ որոշ սևաներկեր հյուսվածքային կազմ ունեն, և դրանց ամենօրյա օգտագործումը կարող է բորբոքել արցունքաթաղանթը, որը պաշտպանում է աչքերը։ Այս խախտման հետևանք են դառնում արցունքահեղուկի արագ գոլորշացումը, այսպես կոչված չոր աչքի ախտանիշի առաջացումը, բորբոքումները։

«Առհասարակ, աչքերի համար ցանկացած կոսմետիկա կարող է մի քանի րոպեում աչքեր թափանցել։ Եթե դուք սևաներկով սրվակի մեջ ավելացնում եք ջուր կամ թքում եք դրա մեջ, կամ էլ եթե օգտվում եք նույն խոզանակից, ինչ և մյուսները, աչքերի բորբոքում ստանալու ձեր հնարավորություններն էապես ավելանում են»,- ասել է փորձագետը։

Սևաներկի նույն սրվակից օգտվել, փորձագետների խոսքով, կարելի է երեք ամսից ոչ ավելի. 90 օր կիրառումից հետո սևաներկի մեջ թափանցում է ցավագին բակտերիաների բավական քանակություն ձեռքերից կամ մաշկի մակերեսից, ինչն էլ կարող է բորբոքել աչքը։

Մասնագետները նաև խորհուրդ են տալիս երբեմն հրաժարվել սևաներկի օգտագործումից և թողնել, որ աչքերը հանգստանան գոնե շաբաթը մի քանի օր։ Բացի այդ, նրանք հիշեցնում են, որ չի կարելի աչքերին սևաներկ քսել մեքենայի կամ գնացքի շարժվելու ժամանակ։

news.am