«Այսօր մենք ականատես եղանք, որ իրավական որևէ գործընթաց չկա, իրավական ինչ-որ բեսպրեդել է։ Նման պայմաններում նույնիսկ չգիտեմ՝ իմաստ կա՞ գնալ, մասնակցել դատավարություններին, թե՞ ոչ»,- այս մասին ԱԱԾ-ի շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը։

Լևոն Քոչարյանը նշեց՝ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը լավ է աշխատում, բայց այս պայմաններում, երբ երկրի ղեկավարները բացահայտ, տեսախցիկների առաջ սպառնում են դատավորներին, ինչ էլ անեն, միևնույն է, խնդիրը քաղաքական ելք է միայն գտնում:

«Համոզված եմ, այստեղ միայն հորս հարցը չէ, սա ավելի գլոբալ հարց է մեր երկրի, Արցախի համար։ Վիկտոր Սողոմոնյանն արդեն մատնանշել է հետագա անելիքները, և մի քանի օրից հետո հայտարարություն կարվի՝ մեր կողմից քաղաքական պայքարի փուլ մտնելու վերաբերյալ»,- նշեց նա:

Հիշեցնենք, որ այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը, որից հետո նրա աջակիցները բողոքի երթով գնացի Ազգային անվտանգության շենքի մոտ։