«Ռուսական երկաթուղիներ» պետական ընկերությունը պատրաստվում է խզել համաձայնագիրը Հայաստանի իշխանությունների հետ՝ պնդելով, որ վերջիններս խոչընդոտում են դուստր ձեռնարկության՝ «Հարավկովկասյան երկաթուղու» աշխատանքին: Այս մասին հաղորդում է RTVI կայքը ՝ հղում անելով Ռուսաստանի և Հայաստանի միջև բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրին: Տեղեկատվությունը հաստատել է նաև Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը: Հիշեցնենք, որ 2018թ. ՀՀ քննչական կոմիտեն հայտարարել էր, որ քրեական գործ է հարուցվել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ–ում արձանագրված առերևույթ չարաշահումների դեպքով։
«Հայաստանը ստեղծել է մի իրավիճակ, երբ «Հարավկովկասյան երկաթուղիներ» ՓԲԸ-ն չի կարողանում բնականոն աշխատել. առգրավվել են 10 տարվա բոլոր փաստաթղթերը, անհիմն մեղադրանքներ են առաջադրվել և ոչ մի երաշխիք չի տրվել: Մեր փաստարկներն այն մասին, որ նախկինում իրականացված ստուգումները խախտումներ չեն հայտնաբերել, իսկ կոնցեսիոն պայմանագրով նախատեսված պայմանները կատարվում են, անտեսվում են»,- RTVI-ին ասել է Ռուսաստանի տրանսպորտի փոխնախարար Վլադիմիր Տոկարևը:
Իրականում, եթե այս տեղեկատվությունը համապատասխանում է իրականությանը, ապա Հայաստանի իշխանություններն ունեն մտահոգվելու լուրջ առիթ: Բանն այն է, որ այս պատմությունը պետք է դիտարկել հայ-ռուսական հարաբերությունների ներկայիս վիճակի պրիզմայի ներքո: Եթե այդ հարաբերությունները լինեին փայլուն մակարդակի, ինչպես մեզ փորձում են վստահեցնել, ապա դժվար Վլադիմիր Պուտինը որոշեր Հայաստան ժամաներ ընդամենը մի քանի ժամով, և դժվար «Հարավկովկասյան երկաթուղիներ»-ը որոշեին փաստի առաջ կանգնեցնել ՀՀ իշխանություններին: Իհարկե, եթե կա կոռուպցիոն ռիսկ, առավել ևս չարաշահման ապացույց, ապա Փաշինյանը և իր թիմը կարող էին օրենքի շրջանակներում փորձել լուծել խնդիրը, առանց նման հանրայնացման, ինչու ոչ՝ նաև օգտագործելով քաղաքական կուլուարները: Թերևս հենց խնդրի այդչափ հանրայնացումն է, որ զայրացրել է ռուսական կողմին, իսկ եթե իրադարձությունները զարգանան վերը նշված սցենարով՝ տուժելու է միայն Հայաստանը: Առաջին հերթին մենք կորցնելու ենք շուրջ 500 միլիոն դոլարի ներդրումային ծրագիր, Հայաստանը զրկվելու է շարժակազմից և չպետք է մոռանալ, որ մենք պատերազմական վիճակի և շրջափակման մեջ գտնվող երկիր ենք, շուրջ 3000 մարդ համալրելու է գործազուրկների ճամբարը, հայ-ռուսական հարաբերությունները էլ ավելի են լարվելու և վերանալու է երկկողմ համագործակցության ամենակարևոր և արդյունավետ հարթակներից մեկը՝ կոմունիկացիոն հարթակը:
Ակնհայտ է, որ հայ-ռուսական հարաբերություններում տիրող անորոշությունը և լարվածությունը արդեն իսկ ազդում է անվտանգության համակարգերի վրա՝ դրանից բխող բոլոր հետևանքներով: Հայաստանի իշխանություններն այժմ պետք է քաղաքական կամք դրսևորեն թույլ չտալու համար վատթարագուն սցենարի իրականացումը: Եվ իհարկե, ապագայի համար պետք է հրաժարվեն բռնել-բաց թողնել քաղաքականությունից՝ հաշվի առնելով ինչպիսի կործանարար հետևանքների այդ քաղաքականությունը կարող է բերել, հատկապես եթե հիմնվում է ոչ թե փաստերի, այլ էմոցիաների և քաղաքական դիվիդենտներ կորզելու ցանկության վրա: