«Տվերյան գայլեր» խմբավորման անդամ Ալեքսանդր Ագեևը, ով ցմահ է դատապարտված, խոստովանական ցուցմունք է տվել երգիչ Միխայիլ Կրուգի սպանության վերաբերյալ։ Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից: Ըստ Ագեևի՝ սպանությունը կատարել է խմբավորման մեկ այլ անդամ՝ Դմիտրի Վեսելյովը:
Ագեևը հայտնել է, որ չէր նախատեսվում սպանել երգչին, նրանք ցանկանում էին Կրուգի տնից գողանալ հին և թանկարժեք իրեր։ Այդպիսի հրաման նրանց տվել է ԼՈՄ մականունով հայտնի քրեական հեղինակությունը։ Գողության օրը Կրուգը և իր ընտանիքի անդամները պետք է տանը չլինեին։
«Հաճախորդի պլանի համաձայն, Միխայիլ Կրուգը, հայտնաբերելով իր ունեցվածքի գողության փաստը, կդիմի նրան օգնության համար, նա« կգտնի» գողոնը, որից հետո երգիչը իրեն պարտավորված կզգա և համերգային հոնորարներից կվճարի նրան։
Սակայն Միխայիլ Կրուգը և նրա ընտանիքը անսպասելիորեն վերադարձան և անակնկալ կերպով բռնեցին կողոպտիչներին: Վեսելյովը, առանց վարանելու, բռնություն է գործադրել Կրուգի զոքանչի նկատմամբ: Երբ կողոպտիչի ճանապարհին հայտնվել է Կրուգը, Վեսելյովը նրա վրա 2 անգամ կրակել է», - ասվում է ՔԿ-ի հայտարարության մեջ:
Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ, հաշվի առնելով Վեսելյովի մահը, որը կասկածվում էր Կրուգի սպանության մեջ, որոշվել է դադարեցնել քրեական գործը:
Դմիտրի Վեսելյովը սպանվել է 2003-ի մարտին։ Սպանությունը կատարել է «Տվերյան գայլեր» խմբավորման մեկ այլ անդամ՝ Ալեքսանդր Օսիպովը, ով այժմ ցմահ բանտարկություն է կրում: Օսիպովը քննիչներին ասել է, որ ինքը սպանել է Վեսելյովին վրեժխնդրությունից դրդված ՝ Կրուգին սպանելու համար:
Միխայիլ Կրուգը սպանվել է 2002 թվականի հուլիսի 1-ին Տվերի իր տանը: Նա ստացել է մի քանի հրազենային վնասվածքներ և մահացել հիվանդանոցում: