Հայ Ազգային Կոնգրեսի փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը գրում է.

Սեպտեմբերի 21-ին մասնակցեցի Անկախության 28-ամյակին նվիրված պաշտոնական միջոցառումներին Գյումրիում։ Ընդհանուր առումով, իհարկե, ստեղծված էր լավ տոնական մթնոլորտ եւ «Մեր ժամանակի հերոսների» մրցանակաբաշխությունը՝ տոնը նշելու բավականին օրիգինալ մտահղացում էր։

Ամեն ինչ կարծես լավ էր, բայց… եւ էդ «բայց»-ի մասին չխոսել չի լինի։ Լսեցի նոր Հայաստանի ղեկավարների ելույթները, որոնցում կար ե՛ւ անկախության «արժեւորում», ե՛ւ ազատ ստեղծագործ աշխատանքի քարոզ, ե՛ւ անհնարինը կատարելու ունակ մարդկային կամքի գովերգում։ Չկար սակայն մի բան, որ չէր կարող չլինել. անկախության պատմությունը։

Անկախության պատմություն ասելով, ես նկատի ունեմ այն սխրանքները, որ մեր ժողովուրդը գործեց 1988-1991 թվականներին, ձեռք բերելով այդ ցանկալի անկախությունը, եւ Ղարաբաղյան պատերազմի 1991-1994 թվականներին, երբ շատ հաճախ մեզ պարտադրվում էր ընտրություն անկախության եւ հաղթանակի միջեւ, բայց մենք ունեցանք ե՛ւ մեկը, ե՛ւ մյուսը։

 

Հայաստանի Հանրապետության անկախությունը երկնքից չի ընկել մեր գլխներին։ 1991 թվականին Խորհրդային Միության փլուզման հետեւանքով անկախությունը միգուցե երկնքից ընկավ Ուկրաինայի, Բելառուսի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ մի քանի այլ խորհրդային հանրապետությունների վրա, որոնք չէին էլ մտածում անկախության մասին, ավելին՝ 1991 թվականին Խորհրդային Միության պահպանման հանրաքվեի ժամանակ միահամուռ քվեարկեցին հօգուտ Միության պահպանմանը։

Հայաստանի համար ճանապարհը դեպի անկախություն գիտակցված ընտրություն էր, որը ընդունվեց եւ հռչակվեց Հայոց Համազգային Շարժման կողմից 1989 թվականի օգոստոսին, այսինքն այն ժամանակ, երբ Խորհրդային Միությունը դեռ կենսունակ կոմունիստական կայսրություն էր, պահպանում էր ողջ ռեպրեսիվ ապարատը եւ կարող էր աղետալի հարվածներ հասցնել մեր ժողովրդի ազատատենչությանը։ Հետեւաբար, այս հակամարտության մեջ Շարժումից պահանջվում էր աննկուն նվիրվածություն՝ անկախությանը հասնելու գաղափարին, բայց նաեւ շրջահայաց ռազմավարություն, որը թույլ կտար Խորհրդային կայսրության հետ հակամարտությունում հաղթել առանց աղետալի կորուստների։

 

Այդ ճանապարհին

1. Շարժումը ղեկավարող «Ղարաբաղ» կոմիտեն ընտրեց բացառապես խաղաղ, Խորհրդային Միության սահմանադրության եւ օրենքների շրջանակներում պայքարը տանելու մեթոդաբանությունը, կապելով խորհրդային իշխանությունների ձեռքերը Շարժման դեմ ուժային բռնաճնշումներ սանձազերծելու հարցում։

2. 1990 թվականի մայիսի ընտրություններին ՀՀՇ-ն հաղթեց Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության Գերագույն Խորհրդի ընտրություններում, դառնալով Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից մինչեւ Վիետնամի Սոցիալիստական Հանրապետություն ընկած ամբողջ կոմունիստական տարածքում առաջին քաղաքական ուժը, որն ընտրություններով տապալեց կոմունիստներին։ Այդ հաղթանակը հեշտ չտրվեց. տեսնելով, որ ՀՀՇ-ն հաղթում է ընտրությունների առաջին փուլի ադյունքում, Խորհրդային բանակը արյունալի սադրանք կազմակերպեց ժողովրդի դեմ /Կայարանի եւ Արգավանդի դեպքերը/, սակայն, Շարժման ղեկավարների զսպվածությունն ու կազմակերպվածությունը թույլ տվեցին հաղթահարել հակամարտությունը եւ հաղթանակ տանել նաեւ երկրորդ փուլում, իսկ օգոստոսի 4-ին Գերագույն Խորհրդի նախագահ ընտրել Լեւոն Տեր-Պետրոսյանին։ Պատահական չեն Ֆրանսիական ակադեմիայի նախագահ Էլեն Կարեր-դ՛Անկոսի կարծիքը, որ «Խորհրդային Միության դեմոկրատացումը սկսվեց հեռավոր Ղարաբաղի լեռներում», եւ ԱՄՆ սենատոր Ձոզեֆ Լիբերմանի գնահատականը, որ «Կոմունիզմի փլուզումը Խորհրդային բլոկի ներսում սկսվեց ոչ թե Ռուսաստանի ներսում, կամ Կենտրոնական Եվրոպայում, այլ Հայաստանում»։

 

3. 1990 թվականի օգոստոսի 23-ին Հայաստանի նոր իշխանությունները, ընդունելով Անկախության Հռչակագիրը, դրանից ընդամենը 6 օր անց ստացան ՀԱԲ զինված միավորման ապստամբությունը, ինչը առիթ տվեց Խորհրդային Միության ղեկավար Միխայիլ Գորբաչովին հրամանագիր ստորագրել Հայաստանում ապօրինի զորամիավորումների զինաթափման մասին։ Խորհրդային բանակի ներխուժումը եւ անկախության գործընթացի բռնի կասեցումը հնարավոր եղավ կանխել միայն Հայաստանի նոր ժողովրդավարական իշխանությունների վճռական գործողությունների, հատուկ դրության հայտարարման եւ ՀԱԲ-ի վնասազերծման շնորհիվ։

 

4. 1991 թվականի գարնանը Հայաստանի նոր իշխանությունները մերժեցին ԽՍՀՄ պահպանման մասին հանրաքվեի անցկացումը Հայաստանում, փոխարենը նշանակեցին անկախության հանրաքվե սեպտեմբերի 21-ին, ազգայնացրեցին Հայաստանի Կոմունիստական կուսակցության սեփականությունը եւ սեփականաշնորհեցին ամբողջ հողը գյուղացիներին, ինչին անմիջապես հետեւեց Գորբաչովի պատասխանը Ղարաբաղում, Խորհրդային բանակի եւ Ադրբեջանական ՄՀՈՋ-ի կողմից իրականացված տխրահռչակ «Կոլցո» օպերացիան եւ Ոսկեպարի հարձակումները, որի հետեւանքով հայաթափվեցին 24 արցախյան գյուղեր եւ զոհվեցին տասնյակ ազատամարտիկներ եւ ոստիկաններ։ ԽՍՀՄ կոմունիստական ղեկավարության կողմից Հայաստանի ժողովրդավարական իշխանությանը փաստացի հայտարարված պատերազմին Լեւոն Տեր-Պետրոսյանի ղեկավարությունը հակադարձեց, դաշնակցելով Ռուսաստանի Դաշնության նորընտիր դեմոկրատական իշխանության հետ Բորիս Ելցինի գլխավորությամբ։

5. Տեր-Պետրոսյանի վարած քաղաքականությունը ցույց տվեց իր կենսունակությունը։ 1991 թվականի օգոստոսյան պուտչի տապալումից հետո իշխանությունը Մոսկվայում անցավ Ելցինի ձեռքը։ Դադարեցվեց Խորհրդային բանակի տեռորը Արցախի դեմ, սկսվեցին հաղթանակները։ Ռուսաստանի հետ կառուցվեց շատ ճկուն եւ վստահելի հարաբերություն։ Մի կողմից, Հայաստանը վարում էր լրիվ ինքնուրույն, բացառապես Հայաստանի եւ Արցախի շահերից բխող քաղաքականություն, որը երբեմն կարող էր առաջացնել Ռուսաստանի անհամաձայնությունը։ Մյուս կողմից, Հայաստանը անկախության ամրապնդման գործընթացը կառուցում էր այնպես, որ երբեւէ Ռուսաստանի հետ աղետալի հակամարտության մեջ հայտնվի, ինչը տեղի ունեցավ Վրաստանի, Ադրբեջանի, Մոլդովայի, իսկ վերջերս նաեւ Ուկրաինայի հետ, պատճառելով ծանրագույն մարդկային եւ տարածքային կորուստներ։ Այդ քաղաքականության շնորհիվ մենք հաղթեցինք պատերազմում եւ հսկայական նվաճումներ ունեցանք Արցախի անկախության միջազգային ճանաչման ուղղությամբ, ինչպիսինն էր ԵԱՀԿ-ի 1994 թվականի գագաթնաժողովի որոշումը Լեռնային Ղարաբաղի մասին։

 

Անկախության ձեռքբերումը եւ արցախյան պատերազմում հաղթանակ բերող, անկախությունն ու ինքնիշխանությունն ամրապնդող քաղաքականությունը, այսպիսով, ունի հեղինակներ, հերոսներ։ Այդ հեղինակները ունեն անուններ։ Լեւոն Տեր-Պետրոսյան, Վազգեն Մանուկյան, Բաբկեն Արարքցյան, Վանո Սիրադեղյան, Աշոտ Մանուչարյան, «Ղարաբաղ» կոմիտեի մյուս բոլոր անդամները, Վազգեն Սարգսյանը, Հրանտ Բագրատյանը, Ժիրայր Լիպարիտյանը եւ այդպես շարունակ։

 

Տոնել անկախության օրը եւ չհիշել այս հերոսական պատմությունը, չտալ Տեր-Պետրոսյանի անունը նույն է, եթե Լեհաստանում նշեն անկախության օրը, ու չհիշեն Յուզեֆ Պիլսուդսկու անունը, կամ նշել Իսրայելի անկախությունը ու չհիշել Դավիդ բեն Գուրիոնի անունը։
Սեպտեմբերի 21-ին Հայաստանի նոր ղեկավարներից ոչ ոք բարձրության վրա չգտնվեց։ Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը այդպես վարվեց։ Միգուցե համարում է, որ երկրի հպարտ պատմությունը սկսում է 2018 թվականի ապրիլի 23-ի՞ց։ Բայց այդդպես երկրի անկախությունը չի «արժեւորվում», այդպես երկրի հպարտ քաղաքացի չի ստեղծվում։ Եթե մոռացության ես մատնում 1988-1994 թվականների հերոսական պատմությունը, դրանով 2018 թվականի Թավշյա հեղափոխությունը ավելի չի արժեւորվում, այլ միայն աղքատանում է։ Ազգի ապրած վեհ եւ հերոսական էջերը գումարելով է կայանում հպարտ ժողովուրդը եւ պատմությունը, ոչ թե հանելով։ Հետեւաբար, հուսով եմ, որ Հայաստանի որեւէ ապագա ղեկավար չի համարձակվի նույնպես վարվել 2018 թվականի Թավշյա հեղափոխության հետ։