«Սասնա ծռեր» համահայկական կուսակցության վարչության անդամ Ժիրայր Սեֆիլյանը խոսել է Հայաստանի ներքաղաքական խնդիրների, Հայաստանի արտաքին հարաբերությունների, մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության՝ Փաշինյանի կառավարության դեմ ուղղված քաղաքականության մասին:

Նրա կարծիքով՝ Հայաստանը ներքաղաքական իմաստով գտնվում է պարադոքսալ վիճակում, քանի որ մինչ այսօր բանտում են գտնվում մարդիկ, ովքեր ապստամբել էին հանցավոր ռեժիմի դեմ:

«Անցել է արդեն մեկ ու կես տարի, բայց Սմբատն ու Արմենը շարունակում են մնալ բանտում, այս երևույթն արդեն իսկ իրավիճակի գնահատական է: Իշխանությունները մեկ շատ կարևոր ակտ չիրականացրին, խոսքը վերաբերում է նախորդ իշխանությունների, ավելի ճիշտ՝ ռեժիմին իրավաքաղաքական գնահատական չտալուց: Այսօրվա բոլոր կնճռոտ հարցերը այդ գնահատականը չտալու արդյունքն են»:

Սեֆիլյանը պնդում է, որ և՛ քաղաքական, և՛ սոցիալ-տնտեսական բազմաթիվ հարցեր ուղիղ կապ ունեն այդ չտրված գնահատականի հետ:

«Այն օրից, երբ Նիկոլ Փաշինյանը հայտնվեց պետության ղեկին, Ռուսաստանի կողմից սկսվեց մի գործընթաց, որի նպատակն էր օր առաջ ձախողել Նիկոլ Փաշինյանի կառավարությունը: Այդ գործընթացը մինչև այսօր շարունակվում է: Գազի գինը թանկացավ, ես ունեմ տեղեկություններ, որ առաջիկայում ավելի է թանականալու, այն դեպքում, որ այս մեկուկես տարվա ընթացքում, եթե մեննք ճիշտ վարվեինք, երկու անգամով պիտի գազի գինը իջներ: Միայն գազը չէ. Էլեկտրականության համար մենք երկու անգամ ավել ենք վճարում: Մի քանի օր առաջ ականատես եղանք Լարսի փակմանը, ամեն մի ֆուռն անցնելու համար օրերով այնտեղ է մնում, և ոչ մեկի համար զարմանալի չէ, որ այս ամենը հատուկ է արվում: Գործող իշխանությունը, սակայն, մի «Սանիթեքի» հախից չի կարողանում գալ, որի պատճառով մեկուկես տարի է՝ տուժում է երևանցին:

Այս խնդիրները անվերջ կարող եմ թվարկել, հասնել մինչև Ամուլսար: Տուժում է քաղաքացին, ընկնում է իշխանության վարկանիշը, իսկ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի անկմանը անհամբեր սպասում են Կրեմլում: Նրանք նպատակ ունեն գործող իշխանություններին հեռացնել: Վերջերս միայն մենք ականատես եղանք Նիկոլ Փաշինյանի կողմից այս ճնշումներին դիմադրելու փորձերին: Դա դրսևորվեց մի քանի ձևերով, որոնցից մեկը ԱԱԾ պետի և Ոստիկանության պետի հեռացումն էր աշխատանքից: Սա ողջունելի քայլ է, սակայն բավարար չէ: Մենք երեկ այս թեմայով արմատական փոփոխությունների առաջարկ ենք ներկայացրել և համոզված ենք, որ մինչև այդ փոփոխությունը տեղի չունենա, մեր երկրում ռազմավարական որևէ զարգացման պետք չէ սպասել»:

Սեֆիլյանը երկրի ներկա վիճակը պայմանավորում է նախորդ իշխանություններից՝ Նիկոլ Փաշինյանին ժառանգված շատ ծանր բեռով, սակայն հավաստում է, որ վարչապետը մենակ չէ, «Սասնա Ծռերն» այս իշխանությունների կողքին կանգնած են:

«Նախորդ իշխանությունները երազում են ռևանշի մասին, մենք այս իշխանության թիկունքին ենք, և թույլ չենք տալու նախկիններին հաջողության հասնել»:

Նախկին քաղաքական ուժերի ռևանշին «Սասնա Ծռերն» այս անգամ զենքի ուժով չի դիմադրի:

«Մեր քաղաքական թիմի համար զենքի ուժով հարց լուծելու էջը փակված է: Քանի դեռ Փաշինյանի վարկանիշը վերջնական անկում չի ապրել, ո՛չ նախկին իշխանությունները, ո՛չ Կրեմլը ոչինչ անել չեն կարող: Ամեն իշխանություն էլ կառավարման առաջին օրերից հետո ունենում է վարկանիշի անկում, կարևորը՝ դա սրընթաց չլինի: Վերջին փորձը Փաշինյանի վարկանիշը ժողովրդի մոտ գցելու Ամուլսարի հարցում էր, նրանք կարծում էին, թե Փաշինայնը ոստիկանական ուժի կիրառմամբ կցրի ժողովրդին և կշահագործի հանքը, սակայն վարչապետը գիտակցեց վտանգն ու չգնաց այդ քայլին: Հույս ունենք, որ գործընթացն այսպես էլ կշարունակվի, և նախկին ռեժիմի թեժ աշնան կանխատեսումները կմնան երազանք նրանց համար»:

Երկրի կայուն ներքաղաքական վիճակն ապահովելու համար միակ ճանապարհը ընտրական օրենսգրքի և Սահմանադրության փոփոխությունը կլինի, ասում է Սեֆիլյանը:

«Մենք անցած տարի հանդուրժեցինք իշխանության այն որոշումը, որով նախկին հանցագործները հերիք չէ չպատժվեցին, այլ նաև հնարավորություն ունեցան ազգային ժողովում հայտնվելու: Մինչև հաջորդ ընտրություններ՝ այս խնդրին լիարժեք լուծում պիտի տրվի: ԱԺ-ում պիտի լինեն գաղափարական ու առողջ ուժեր»:

Ոստիկանապետի՝ օրեր առաջ գրանցված մահվան դեպքի մասին խոսելիս Սեֆիլյանը պնդեց, որ դրա մեծագույն պատճառը մարտի 1-ի գործով դատավարական, քննչական գործընթացների շատ դանդաղ իրականացումն է:

«Այս տեմպը վտանգավոր է, ու արյան հոտ է գալիս: Մի քանի օր առաջ մենք ականատես եղանք դրան: Ոստիկանապետի մահը սպանություն էր, թե ինքնասպանություն, կարևոր չէ, կարևոր է, թե ում էր դա ձեռնտու: Իսկ ձեռնտու էր միանշանակ հանցագործ ռեժիմին»,- եզրափակեց Սեֆիլյանը:

Աիդա Կիրակոսյան