Հատուկ քննչական ծառայությունը ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի մասով նոր քրգործ և նոր ասելիք չունի։ Այս մասին ԼՈՒՐԵՐ․com-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։
«Վարդան Հարությունյանի վերաբերյալ քրգործ ՀՔԾ վարույթում արդեն իսկ քննվում էր, սակայն նոր բան չկա, ինչ ասվել է նախորդ շաբաթ, դա է։ Նրան առնչվող քրգործով նախաքննություն է կատարվում»,- ասաց նա՝ նշելով, որ նոր տեղեկություն լինելու դեպքում կտեղեկացնեն։
Նշենք, որ օրեր առաջ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր․ «Քրեական գործ է հարուցվել ՊԵԿ նախկին նախագահ Վարդան Հարությունյանի վերաբերյալ։ Հայտնի իրադարձություններից հետո, կարծես, կոռուպցիայի դեմ կիսապայքարը վերջապես վերածվում է լիարժեք պայքարի», - նշել էր պատգամավորը։
Թե որտեղի՞ց նման տեղեկություն Արուսյակ Ջուլհակյանին, հատկապես երբ քննող մարմինը հերքում է այն, ԼՈՒՐԵՐ․com-ը փորձեց պարզել հենց նրանից։ Ըստ երևույթին՝ ենթադրելով մեր բազմաթիվ զանգերի նպատակը՝ պատգամավորն այդպես էլ չպատասխանեց դրանց։
Մենք փորձեցինք գտնել նաև պատգավորի ֆեյսբուքյան գրառումը, բայց այն այլևս հասանելի չէր։ Հավանաբար ինչ-որ մեկը նորաթուխ իմքայլականին հասկացրել է նման հայտարարությունների լրջությունն ու հետևանքները, վերջինս էլ հեռացրել է գրառումը։
Մտածում ես՝ լավ, մեկը չկա՞ր պատգամավորին ավելի շուտ զգուշացներ այդ մասին, չնայած ում ինչ ասես, բոլորն էլ միասին են սկսել «քայլել»։ Ժողովուրդը մի լավ խոսք ունի՝ «առուն չթռած՝ հոպ չեն ասում»։