Հայաստանցիները երկրից տարբեր պատճառներով են արտագաղթում՝ աշխատանքի բացակայության, ավելի բարձր աշխատավարձի ակնկալիքի կամ ավելի լավ ապագայի։ Այս մասին էր Միգրացիոն ծառայության պետի տեղակալ Իրինա Դավթյանի զեկույցը «Հայաստանի սոցիալ-ժողովրդագրական վիճակի բարելավման հիմնախնդիրներն ու ռազմավարությունը» միջազգային գիտաժողովի շրջանակում։

«Պետք է նշեմ, որ էմիգարցիայի հարցում անհրաժեշտ է ավելի հետևողական լինել։ Ճիշտ է, քայլեր անընդհատ արվում են, ունենք դրական տեղաշարժ, բայց դա բավական չէ խնդիրն ամբողջովին լուծելու համար»,- նշեց նա։

Ըստ Դավթյանի՝ հայերը եվրոպական երկրներում փորձում են հաստատվել նաև առողջական խնդիրները կարգավորելու պատճառով, բայց բոլորը չէ որ կարողանում են բուժում ստանալ կամ մնալ այդ երկրներում։

«Շատ հաճախ այդ մարդիկ վերադառնում են։ Ընդ որում, կա վերադարձի երկու տարբերակ՝ հարկադիր վերադարձ և կամավոր վերադարձ։ Երկուսի դեպքում էլ քաղաքացին պարտավոր է լքել այն պետության տարածքը, որտեղ բնակություն է հաստատել»,- նշեց նա։

 

Դավթյանի խոսքով՝ հիմա կան նաև օտարերկրացիներ, ովքեր փորձում են բնակություն հաստատել Հայաստանում։ Սա լրացուցիչ աշխատանքի կարիք ունի և լուրջ մարտահրավեր է մեզ համար, քանի որ մեր պետությունը պետք է ունենա հստակ չափորոշիչներ, որոնցով առաջնորդվելով էլ պետք է կացության ու աշխատանքի հնարավորություն տա օտարերկրացիներին։

«Հիմնականում ապաստան հայցողները հնդիկներ են, բայց պետք է նշեմ, որ այս տարի ավելի քիչ են գալիս, քան նախորդ տարի։ Ապաստան հայցում են նաև Սիրիայից, Իրանից, Իրաքից, ընդ որում բոլորը չէ որ հայեր են։ Հայաստան եկող էմիգրանտների միտում կա»,- նշեց նա։

Դավթյանը նշեց նաև, որ հիմա արվում է ամեն ինչ, որպեսզի հայ քաղաքացիներն ազատականացվեն վիզաներից։ Այդ գործընթացն իրականացնելու համար կան մի շարք պայմաններ, որոնք ՀՀ-ն պետք է իրականացնի։ Դրանց թվում է նաև անօրինական էմիգրանտների խնդիրը։

 

«Հիմա սահմանները փակ են, բայց  անկախ դրանից` հայերը անօրինական ձևով ապաստան են գտնում եվրոպական  երկրներում։ Եվրամիության երկրներն ունեն մտավախություն, որ սահմանները բացելով այդ մարդկանց թիվը կտրուկ կաճի։ Այդ պատճառով  հարց է դրվում, որ պետությունը հանձն առնի իր անօրինական էմիգրանտներին երկիր վերադարձնելը»,-նշեց նա։

ԼՈՒՐԵՐ․com-ի այն հարցին, թե ինչպե՞ս է լինում, որ հայերին չարթերային չվերթներով տեղափոխում են Հայաստան, նա պատասխանեց, որ դա բնական է, քանի որ մեր քաղաքացիներին միշտ չէ որ տալիս են փախստականի կարգավիճակ։ Այդ կարգավիճակը ստանում են միայն այն մարդիկ, ովքեր հետապնդման մեջ են՝ սոցիալական, կրոնական կամ պետությունը չի կարող պաշտպանել նրանց։ 

«Մեզ մոտից գնացողները հիմնականում տնտեսական էմիգրանտներ են, ովքեր ուզում են աշխատել և առողջական խնդիրներ  ունեցողները։ Եվրոպացիները, ելնելով հումանիստական տեսանկյունից, տալիս են ժամանակավոր պաշտպանություն, այսինքն՝ հիվանդության սկզբնական շրջանում օգնում են, բայց բուժման ամբողջ ընթացքում պահել չեն կարող, իսկ հայերի մեծ մասը մտածում է, որ եթե իրենց ընդունել են, ուրեմն պետք է տարիներով պահեն։ Սա է խնդիրը»,- նշեց նա։

 

Ըստ Դավթյանի՝ եթե որոշում է կայացվում, որ կոնկրետ մարդիկ պետք է վերադառնան իրենց երկիր, ապա իրենց միչև1 ամիս ժամանակ է տրվում։ Աջակցություն է տրվում գումարի, ըստ անհրաժեշտության նաև դեղորայքի տեսքով։ Եթե չեն կատարում վերադառնալու պահանջը, ապա հարկադիր վերադարձնում են իրենց երկրներ։

«Ինչքան քիչ ՀՀ քաղաքացիներ անօրինական լինեն եվրոպական երկրներում, այնքան արագ կկարգավորվի վիզայի ազատականացման հարցը»,- նշեց Դավթյանը։