ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն անդրադառնալով նրան, որ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստին ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին հրավիրելու գրության մեջ «սեպտեմբերի 24»-ի փոխարեն գրված է եղել «հոկտեմբերի 24» նշել է, որ մեղավորությունն ընդունում է, վրիպակ է եղել։ Ապա խոսելով այդ գրության՝ ՍԴ աշխատակազմի ղեկավարի ֆեյսբուքյան էջում հրապարակվելու մասին՝ Վարդանյանը նշել է․ «Դիմում եմ ՍԴ-ին, որ այս վարքագծին գնահատական տա»,- ասել էր նա։
Սահմանադրական դատարանի աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն ի պատասխան Վլադիմիր Վարդանյանին հուզող հարցի՝ ԼՈՒՐԵՐ․com—ի հետ զրույցում նշեց, որ դրա հետ կապված որևէ բան չունի ասելու․ «Վլադիմիր Վարդանյանը որպես ՍԴ նախկին աշխատակազմի ղեկավար կարծում եմ՝ պետք է իմանար, թե ՍԴ-ն ինչ հարցերի վերաբերյալ ինչ որոշումներ է կայացնում և չեմ կարծում, թե ՍԴ-ն առհասարակ քաղաքացիների բանավոր հայտարարությունները պետք է դարձնի քննության առարկա»,- ասաց Ղազարյանը։
Նա նշեց՝ ՍԴ նախագահին ուղղված գրությունը իր ֆեյսբուքյան էջում հրապարակելը օրենքի խախտում չի համարում։
Հիշեցնենք, որ երեկ՝ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր հրավերի փաստաթուղթն ու գրել․ «Սա Ազգային ժողովի անունից, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ստորագրությամբ ստացված գրությունն է, որով Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանին խորհրդարան են հրավիրել հոկտեմբերի 24-ին, մինչդեռ խնդրո առարկա նիստը կայացել է սեպտեմբերի 24-ին:
Ցավալի է, որ ԱԺ-ում՝ գրությունը պատրաստողից մինչև ստորագրություն դնող, նման անփութություն են ցուցաբերում պաշտոնական փաստաթղթերի նկատմամբ»,- գրել էր նա։
Սոնա Հարությունյան