Այսօր ԱԺ-ում տեղի ունեցավ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունների դադարեցման հարցով փակ գաղտնի քվեարկությունը, որին, ինչպես և նախօրոք տեղեկացրել էին, չմասնակցեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Ազգային Ժողովի պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Շաքե Իսայանը խոսել է իր քաղաքական թիմի դիրքորոշման և քվեարկությանը չմասնակցելու՝ իրենց հիմքերի ու պատճառների մասին:

-Ինչո՞ւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը չմասնակցեց քվեարկությանը և հանդես չեկավ հստակ դիրքորոշմամբ:

-Մեր թիմի չմասնակցությունը ևս դիրքորոշում է, եկեք ընդգծենք սա: Մենք չմասնակցեցինք, որովհետև գոյություն ունի Սահմանադրական դատարանի օրենք և ԱԺ կանոնակարգ օրենք, որոնք հստակ սահմանում են ժամկետներ, միայն որոնց դեպքում հնարավոր էր այս որոշման նախագիծը կայացնել: Մենք, խորհրդակցելով նաև այլ շատ մասնագետների հետ, եկել ենք այն եզրահանգման, որ մեր՝ երկշաբաթյա ժամկետը խախտված լինելու պնդումը ճիշտ է, այդ պատճառով մենք չենք կարող կողմ քվեարկել նախագծին: Մենք չենք կարող շրջանցել օրենքներ:

-Այս դեպքում ինչո՞ւ, այնուամենայնիվ, ընտրեցիք ոչ թե դեմ քվեարկելու, այլ պարզապես քվեարկությանը չմասնակցելու ճանապարհը:

-Ինչու դեմ չքվեարկեցինք, որովհետև հարգում ենք մեր իշխանական գործընկերների կասկած ունենալու իրավունքը, բայց և չենք ուզում կիսել պատասխանատվությունը մի նախագծի, որը համարում ենք իրավականորեն թույլ հիմնավորված:

-2017 թ-ին ԲՀԿ-ն Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի անդամ ընտրվելուն դեմ է քվեարկել՝ պնդելով, որ ընտրությունը ոչ ճիշտ ճանապարհով է իրականացվում: Ինչո՞ւ ուրեմն այս անգամ դուք նույն անձի նկատմամբ այլ դիրքորոշում ստանձնեցիք:

-Մեր նախկին դիրքորոշումը հիմա էլ ուժի մեջ է, մենք հիմա էլ պնդում ենք, որ Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահի լավագույն մարմնացումը չէ, բայց, եթե մենք այսօր միմիայն 2017 թ-ի մեր դիրքորոշմանը հղում տալով կողմ քվեարկեինք այս նախագծին, որոշ ժամանակ անց էլ դուք կհարցնեիք, թե ինչու մենք շրջանցեցինք Սահմանադրական դատարանի մասին օրենքն ու ԱԺ կանոնակարգը: Մենք լավ գիտենք՝ Հրայր Թովմասյանն ով է եղել, որ խմբակցությանն է անդամակցել, ինչ գործունեություն է ծավալել, բայց մենք այս դեպքում գործ ունենք ինստիտուտի՝ Սահմանադրական դատարանի հետ, և մեր բոլոր գործողությունները պետք է լինեն բացառապես օրենքների սահմաններում:

-Իշխող կուսակցությունից մի շարք անդամներ հանդես եկան ձեր որոշմանն ուղղված դեմ ելույթներով, տարբեր կարծիքներ հնչեցին ձեր կայացրած որոշման պատճառների մասին, դրանց հիմքում շատերը քաղաքական ենթատեքստ տեսան, ի՞նչ կասեք այս մասին:

-Ես ասել եմ ու ասում եմ, թող բոլորը հեռու մնան ԲՀԿ-ի որոշումից և որևէ կերպ չփորձեն այդ որոշումն օգտագործել ի շահ իրենց կամ ի վնաս մեզ: «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կայացրել է որոշում, որին եկել է բացառապես խմբակցության անդամների և մասնագիտական վերլուծության արդյունքում: Մեր դիրքորոշումն ուռճացնելու, այլ երանգներով ներկայացնելու իմաստ չկա, հատկապես այն դեպքում, որ իշխանական մեր գործընկերները առանց մեր քվեարկության էլ կարող էին, և այսօր արդեն ընդունեցին որոշում՝ հարցը ՍԴ ուղարկելու: Եթե մեզ մեր իշխանական գործընկերները մեղադրում են ՀՀԿ-ական լինելու մեջ, ապա ես իրենց կարող եմ մեղադրել առնվազն օրենքները չիմանալու մեջ: