ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի կարծիքով, «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերի անվան տակ տեղի է ունեցել սեփականության անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման՝ անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ:

Թաթոյանը նման տեսակետ հայտնեց պետության կողմից «Հյուսիսային պողոտա», «Կասկադ» ծրագրերով բացառիկ գերակա հանրային շահ ճանաչելու հետևանքով սեփականության իրավունքի ոտնահարման թեմայով խորհրդարանական լսումներում:

«Երևանի և Հայաստանի ցանկացած այլ բնակավայրի բարեկարգումն ու կառուցապատումն ունի կարևոր նշանակություն: Սակայն ընդունելի չէ այդ բարեկարգման իրականացումը մարդու հիմնարար իրավունքների կոպիտ խախտումներով, օրենքի անտեսմամբ, բնակչության ունեզրկման, երկրում աղքատության ավելացման հաշվին: Երևանի կառուցապատման ծրագրերով 2000-ականներից սկսած քաղաքացիների սեփական բնակարանները, շինությունները և հողատարածքները հասարակական կարիքների համար կառավարության որոշումներով ճանաչվել են բացառիկ գերակա հանրային շահ և օտարվել՝ պետական կարիքների համար հիմնավորմամբ: «Հյուսիսային պողոտա» և «Կասկադ» ծրագրերն իրականացվել են հենց այդ ճանապարհով: Այդ ծրագրերի իրականացման անվան տակ տեղի է ունեցել սեփականության վերաբաշխում՝ անթույլատրելի, անարդարացի վերաբաշխում: Այդ ընթացքում ի հաշիվ հարյուրավոր ընտանիքների ունեզրկման անօրինական շահույթ են ստացել առանձին գործարարներ: Եվ Երևանի կենտրոնական հատվածները կենտրոնացվել են առանձին անհատների ձեռքում»,-ասաց Թաթոյանը:

Նա նկատեց՝ Երևանի բարեկարգման և կառուցապատման լայնածավալ ծրագրի իրականացման նպատակով քաղաքացիներից վերցվել են նրանց սեփականության կամ օգտագործման իրավունքով պատկանող հողատարածքներն ու բնակարանները, և հարյուրավոր ընտանիքներ դարձել են անօթևան: Թաթոյանը նշեց՝ կառավարության այդ որոշմամբ այդպես էլ չբացահայտվեց «պետական կարիք» հասկացության բովանդակությունը, չընդունվեց առանձին օրենք, որով սահմանված կլիներ գույքի օտարման բացառիկ կարևորությունն ու նշանակությունը, օտարման գոտին և գերակա շահը: Նրա խոսքով՝ կառավարությունն ինքը սահմանեց նման գոտիներ և որոշում ընդունեց իրացնողին իրավունք վերապահել սահմանել և սեփականատիրոջն առաջարկելու փոխհատուցման չափը,

ՄԻՊ-ը նկատեց՝ ինչպես օտարվող սեփականության սեփականատերը, այնպես էլ օտարման արդյունքում ազդեցության ենթակա այլ քաղաքացիները, որպես կանոն, պատշաճ կամ ընդհանրապես տեղեկացված չեն եղել և մասնակիցը չեն դարձել համապատասխան որոշումների ընդունմանը: «Մի քանի տասնյակ ընտանիքներ՝ մեծ մասը բազմանդամ, որոնք սեփականատերեր են համարվել դեռ 30-40-ական թվականներից, դիտվել են միայն որպես տվյալ բնակարանների օգտագործողներ և վտարվել են աննշան փոխհատուցմամբ: Դատարաններն ակնհայտ անարդար անտեսել են իրացնողի ներկայացրած պայմանագրերի միակողմանի կազմված լինելը, բացառապես բավարարել են պայմանագիր կնքելուն հարկադրելու և զբաղեցրած տարածքից վտարելու վերաբերյալ իրացնողի ներկայացրած հայցերը»,-ասաց ՄԻՊ-ը:

Ուսումնասիրելով բողոքներում շարադրված հանգամանքները՝ ՄԻՊ-ը հանգել է այն եզրահանգման, որ օտարված տարածքների նախկին բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող Կենտրոն վարչական շրջանի՝ Արամի, Բուզանդի, Ֆիրդուսի, Հանրապետության, Խանջյան փողոցներում և Կոնդ թաղամասում գտնվող բնակելի տարածքները օտարվել են 30-ամսյա ժամկետում նորակառույց բազմաբնակարան շենքերում բնակարաններ ձեռք բերելու, այսինքն՝ համարժեք փոխհատուցում ստանալու օրինական ակնկալիքով: Սակայն դա մինչև օրս հաշվի չի առնվել: «Վերոգրյալից հետևում է, որ քաղաքաշինական նպատակներով որպես բացառիկ գերակա հանրային շահ հասարակության և պետության կարիքների համար նշված տարածքների օտարումը չի բխում հանրության կարիքներից, քանի որ նշված տարածքներից շատերում որպես փոխհատուցում կառուցվող շինությունները՝ բազմաբնակարան շենքերը չեն ծառայության իրենց նպատակին, տարիներ շարունակ մնացել են կիսակառույց: Եվ երկրորդ՝ դա չի բխում հանրության շահերից, քանի որ օտարված տարածքների նախկին իրավատերերը ստիպված են եղել տարիներ շարունակ բնակվել վարձակալական հիմունքներով, արդյունքում մինչև օրս չստանալով համարժեք փոխհատուցում»,-ասաց Թաթոյանն ու հավելեց՝ անհրաժեշտ է խնդիրը կարգավորելով օրենքում փոփոխություններ կատարելու միջոցով: