ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Հրանտ Մովսիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել էր դիմումը՝ ուղղված ԵԹԿՊԻ-ի ռեկտոր Լիլիթ Արզումանյանին։ Մովսիսյանն ուզում է ազատվել աշխատանքից՝ «վիրավորական ցածր աշխատավարձի» պատճառով։ Հարցի մանրամասները պարզելու համար ԼՈՒՐԵՐ․com-ի թղթակիցը զրուցել է Մովսիսյանի հետ։
«Ուսումնական տարվա սկզբին ինձ ասացին, որ աշխատաժամերը քիչ են, այդ իսկ պատճառով աշխատավարձը քիչ է լինելու, բայց չէի պատկերացնի, որ այդքան փոքր։ Հարցնում եմ, թե ինչու է ժամերը քիչ, ով է զբաղվում այդ հարցով։ Ես մեղավոր չեմ, որ ժամերը քիչ են»,-նշեց նա։
Ըստ Մովսիսյանի՝ ինքը արժանի չէ այդքան գումարով աշխատելու։ Ավելին, եթե իրեն ասեին, որ գումար չունեն, չեն կարող վարձատրել, ինքը կհասկանար։ Կգնար առանձին վարպետության դասեր կաներ, ամեն ձև կօգներ ու կաջակցեր ուսանողներին։ Բայց գոնե խաբված չէր լինի։
«Ես չեմ ուզում անձնավորել, չգիտեմ էլ ով է մեղավոր, ով մեղավոր չի։ Բայց չգիտեմ էլ, թե ինչու է այսպես լինում։ Եթե անկեղծ՝ նույնիսկ չգիտեմ էլ հիմա մենք պետք ենք, թե պետք չենք։ Ուղղակի որոշեցի դուրս գալ, գոնե ես ինձ հարգեմ»,- նշեց ։
Ռեժիսորը Թատերական ինստիտուտում դասավանդում է 10 տարի․ «Բացի նրանից, որ դասախոս եմ, շատ գործեր եմ արել այս երկրի համար ու անում եմ։ Հիմա էլ Էրեբունի-Երևան տոնակատարությամբ եմ զբաղված։ Իմ բոլոր ուսանողներին տարել եմ բոլոր նկարահանման հրապարակները, որտեղ եղել եմ։ Նրանք ինձ հետ անցել են իմ անցած բոլոր ճանապարհները։ Սովորեցրել ու կրթել եմ նրանց։ Նախկին ուսանողներս աշխատանք ունեն, որը ես եմ գտել , ոչ թե ինստիտուտն է ապահովել»։
Մովսիսյանը կարծում է, որ ինստիտուտը ուղղակի չի գնահատել իրեն, կամ էլ գնահատել է 28․000 դրամով։
«Այս պատմության մեջ ուսանողները մեղք չունեն։ Նախարարությանն էլ ասելու ոչինչ չունեմ։ Ուզում եմ հասկանալ՝ ով է ինձ տեր կանգնելու, ով է ինձ հարգելու այսքան տարիների աշխատանքի համար»,- նշեց ռեժիսորը։
Մովսիսյանն ասում է, որ վիրավորված է․«Հասկանո՞ւմ եք, ամեն ինչ փողի մեջ չի, բայց այսպես վարվել էլ չի կարելի։ Ախր ես անուն-ազգանուն ունեցող մարդ եմ։ Փողի մեջ չի ամեն ինչ, ես կարող եմ առանց փողի էլ անել, սովորեցնել, կրթել, օրինակ ծառայել»։
Ամենակարևորը մարդկային հարաբերություններն ու մարդուն հարգելն է,- ասում է Մովսիսյանը, հավելելով, որ հենց այդ հարգանքն է պակասել։
Մեր այն հարցին, թե էլի կան իր նման դասախոսներ, ովքեր դժգոհ են, պատասխանեց, որ չգիտի, գուցե լինեն, բայց ինքը չի հետաքրքրվել։
«Ես չեմ ուզում վերադառնալ ինստիտուտ, բայց ինչ կարողացել ՝ արել եմ ինստիտուտի համար։ Ես ունեմ անուն-ազգանուն, որը շատերը կերազեն ունենալ»,- նշեց Մովսիսյանը։
«Վիրավորված եմ, իսկապես ամոթ է։ Մի քիչ մարդկանց գնահատեք»,- խոսքն ամփոփելով ասաց ռեժիսորը։
Մենք փորձեցինք կապ հաստատել նաև ԵԹԿՊԻ-ի ռեկտորի հետ, բայց ապարդյուն։