Երևանի ավագանու նախկին անդամ Մարինա Խաչատրյանը ԱԱԾ շենքի դիմաց հրատապ մամուլի ասուլիս է հրավիրել: Նա լրագրողների հետ զրույցում հայտարարեց՝ հասարակական–քաղաքական գործունեությունն ուղեկցվում է իր անձին սպառնացող վտանգներով:
«Ծանոթներիցս մեկից ահազանգ ստացա, որ իշխանության սորոսական թևը կազմակերպում է որոշակի միջոցառումներ իմ անձի ու իմ գործունեության դեմ։ Հստակ չնշեց ինձ ծանոթ անձը, թե ինչ ձևով է դա լինելու՝ ֆիզիական, հոգեբանական, թե այլ ձևով, բայց հստակ նշեց, որ ճիշտ կլինի, որ ես զգույշ լինեմ և 2 շաբաթ սորոսականների մասին չխոսեմ։ Թե ինչով է պայմանավորված այդ ժամկետը, դա էլ չգիտեմ։ Սա առաջին ահազանգն էր, բայց հաջորդ օրն առավոտյան, երբ մեքենան վարում էի արգելակման հետ խնդիր նկատեցի, հետո, երբ մեքենաս կայանում էի աշխատավայրիս մոտ զգացի, որ ձայնային ազդանշանը չի աշխատում և տեսա կտրված լարը»,- ասաց Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ անարխիա է տիրում երկրում և բոլորը բոլորի դեմ են դուրս եկել։ Նա նշեց, որ ԱԺ-ի Մարդու իրավունքների և իրավական հարցերի հանձնաժողովի երեկվա նիստում «2 սորոսական պատգամավոր» ելույթ էին կազմակերպել իբրև բռնության կոչերի դեմ․ «Բա տիկնա՛յք, բռնության կոչեր և գործողություններ նաև մեր նկատմամբ են իրականացվում, ինչո՞ւ դուք որևէ արձագանք չեք տալիս։ Այսօր թիրախավորել եք ինձ, բայց ես ձեր հաջորդ զոհը չեմ դառնալու»,- նշեց նա։