Նիկոլ Փաշինյանի ու Ալիևի՝ վերելակում փաստաթղթեր փոխանակելու մասին Վիտալի Բալասանյանի հայտարարությունը անհեթեթ է համարում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը: Այդ մասին նա ասաց ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակցի հետ զրույցում:
«Ինձ համար ցավոտ է, որ այդ անհիմն, անհեթեթ հայտարարությունների հեղինակը Արցախի հերոս, անուրանալի վաստակ ունեցող Վիտալի Բալասանյանն է: Նման հայտարարություններով նա գցում է իր վարկանիշը»:
Այն հարցին, թե արդյոք անհանգստացնող չէ, որ հենց Արցախի հերոս, և ժողովրդի հարգանքը վայելող մարդն է նմանատիպ հայտարարություններով հանդես գալիս, Հայրապետյանը պատասխանեց. «Այդ մոտեցումն ունի քաղաքական դրդապատճառներ՝ պայմանավորված, թե ինչ ճամբարի է ինքը հարում, և թե ինչ մարդկանց է փորձում հավատարմություն ցույց տալ: Ես շատ հաճախ եմ լինում Արցախում, և շատ լավ գիտեմ, որ նմանատիպ հայտարարությունները որևէ կերպ աջակցություն չեն ստանում ժողովրդի կողմից: Դրանք որևէ կերպ չպիտի նույնացվեն Արցախի ժողովրդի կարծիքի հետ: Դա բացարձակապես իր սուբյեկտիվ մոտեցումն է, և ոչ մի վտանգ չի կարող ներկայացնել»:
Հայրապետյանն անդրադարձավ Վիտալի Բալասանյանի՝ Փաշինյանից հերքում պահանջելուն՝ ասելով՝ Բալասանյանը Փաշինյանից հերքում պահանջելուց առաջ, ինքը պետք է հասկանա, թե ինչ դիրքում է ինքը գտնվում, և ում մասին է խոսում: Ինքը խոսում է Հայաստանի Հանրապետության վարչապետի մասին, ով ընտրվել է ժողովրդի կողմից: Վարչապետը պարտավոր չէ ամեն անհեթեթ հայտարարության արձագանք տալ:
Հայրապետյանին խնդրեցինք նաև մեկնաբանել Ալիևի երեկվա հայտարարությունը, որում Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ Բաքուն Հայաստանի հետ փոխզիջման չի գնա տարածքային ամբողջականության հարցում: Նա ասել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, ամբողջ աշխարհն է ճանաչում իրենց տարածքային ամբողջականությունը, և իրենք այդ ուղղությամբ հետևողական քաղաքականություն են վարում:
«Այդ հայտարարությամբ Ադրբեջանն ամբողջությամբ վերադարձել է իր ռազմատենչ հռետորաբանությանը: Նա ևս մեկ անգամ ապացուցեց, որ պատրաստ չէ խոսել խաղաղության մասին, և անզիջում է: Այս պարագայում, բնականաբար, մենք հավատարիմ ենք խաղաղության գործընթացին, զուգահեռաբար պատրաստ լինելով ցանկացած զարգացման, այդկերպ նաև ռազմական գործողությունների վերսկսում: Բանակում տեղի ունեցող ռեֆորմները դրա վառ ապացույցն են»: