Ֆրանսիայի ԱԳՆ-ն կանչել է Փարիզում Թուրքիայի դեսպանին՝ կապված Սիրիայում Անկարայի ռազմական գործողության հետ: Այս մասին այսօր հայտնել է Agence France-Presse-ը (AFP)՝ վկայակոչելով դիվանագիտական աղբյուրին:
«Դեսպանը կանչվել է օրվա երկրորդ կեսին»,- հավելել է աղբյուրը:
Ավելի վաղ Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լե Դրիանը Twitter-ի իր էջում նշել էր, որ Սիրիայում թուրքական ռազմական գործողությունը կարող է սասանել եվրոպական անվտանգությունը, անհրաժեշտ է այն դադարեցնել: «Ես դատապարտում եմ Սիրիայում Թուրքիայի սկսած միակողմանի գործողությունը,- շեշտել է նա: - Այն սպառնալիքի տակ է դնում ԻՊ ահաբեկչական խմբավորման դեմ կոալիցիայի անվտանգության եւ հումանիտար ոլորտում գործադրվող ջանքերը»:
Հիշեցնենք, որ Անկարան հոկտեմբերի 9-ին հայտարարել էր Սիրիայի հյուսիսում «Խաղաղության աղբյուր» գործողության անցկացման մասին, որը սկսվել է քրդական կազմավորումների դիրքերի վրա Թուրքիայի ՌՕՈՒ-ի ավիահարվածներով: Գործողության նպատակն է այնտեղ բուֆերային գոտու ստեղծումը, որը պետք է դառնա թուրքական սահմանի պաշտպանական գոտի, եւ որտեղ, Անկարայի մտահղացմամբ, Թուրքիայից կարող են վերադառնալ սիրիացի փախստականները: Սիրիական պետական SANA գործակալությունը գործողությունն ագրեսիա է անվանել, միջազգային հանրությունը դատապարտել է Անկարայի գործողությունները: Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան խնդրել են անցկացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստ: