Բրուքլինում տեղակայված MSCHF բրենդն իր երկրպագուներին հնարավորություն է տվել բառացիորեն քայլել ջրի վրայով՝ ներկայացնելով «Հիսուսի մարզակոշիկները» (Jesus shoes), որոնց ներբանները լցված են «սուրբ ջրով», գրում է Daily Mail-ը:

Աղբյուրի հաղորդմամբ' 3000 դոլար արժողությամբ մարզակոշիկները, որոնք, ըստ հաղորդման, քահանայի օրհնություն են ստացել, չնայած բարձր գնին՝ սպառվել են վայրկյանների ընթացքում:

Nike-ի Air Max 97-ի նորացված տարբերակի ներբանների թափանցիկ հատվածը լցված է Հորդանան գետից բերված սուրբ ջրով, որոնց պարզապես գունաներկ են ավելացրել՝ այն ավելի տեսանելի դարձնելու համար:

Հիսուսի մարզակոշիկներ
Հաղորդվում է, որ թեև մարզակոշիկները Nike-ին են պատկանում, մարզակոշիկների այս դիզայնի հեղինակները MSCHF բրենդի դիզայներներն են: Նրանք Nike-ից գնել են 20 զույգ մարզակոշիկ և այն ձևափոխել:

«Հոգևոր դիզայնն» ամբողջացնելու համար ընկերությունը սպորտային կոշիկների դիզայնում ներառել է մի քանի այլ հոգևոր տարրեր՝ կոշիկի կողքի հատվածում սև տառերով գրված է Աստվածաշնչից հատված, կոշիկի վերնամասում առկա է կարմիր կաթիլ, որը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Մարզակոշիկների քուղերի վրա առկա են խաչեր և այն օծված է խունկի բույրով:

Հիսուսի մարզակոշիկներ
Բրենդի առևտրային բաժնի տնօրեն Դանիել Գրինբերգը պատմել է, որ ընկերության ներկայացուցիչները մի առիթով հայտնել են իրենց խելամիտ մտքերը, այդ ժամանակ մեկը հնչեցրել է հետևյալ միտքը. «Ի՞նչ կստացվեր, եթե Հիսուսի հետ համագործակցեինք»: Նրա խոսքով՝ այստեղից էլ ծնվել է գաղափարը, որի նպատակն էր ցույց տալ, թե ինչպիսի «անհեթեթության է հասել մեր մշակույթը»: Արդյունքում ստեղծվել է «Հիսուսի մարզակոշիկները»։

Հիսուսի մարզակոշիկներ

Հիսուսի մարզակոշիկներ

 

Աղբյուր՝ tert.am