ԱՄՆ-ն պատժամիջոցներ կսահմանի Թուրքիայի նկատմամբ այն դեպքում, երբ թուրքական բանակն առանց ընտրելու թիրախները հարվածներ հասցնի խաղաղ բնակչությանը և փորձի էթնիկ զտումներ իրականացնել Սիրիայի հյուսիսում, սակայն այդպիսի գործողություններ Թուրքիայի կողմից պաշտոնական Վաշինգտոնը դեռ չի նկատել: Այս մասին հինգշաբթի տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան ներկայացուցիչը, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Խոսքն էթնիկ զտումների, առանց թիրախ ընտրելու՝ խաղաղ բնակչությանը հրետանային և ավիահարվածներ հասցնելու մասին է: Մենք հիմա հետևում ենք գործողություններին, և այդպիսի լուրջ օրինակներ չենք նկատել: Սակայն այս մասին խոսելը դեռ վաղ է, որովհետև թուրքական ուժերը դեռևս նշանակալիորեն առաջ չեն գնացել սահմանից, այնպես որ մենք գտնվում ենք վաղ շրջանում: Եվ հենց այդ պատճառով է, որ մենք այդքան շատ նախազգուշացումներ ենք անում, որովհետև անհանգստացած ենք առանց թիրախներ ընտրելու կրակոցներ արձակելու դեպքերից»,- ասել է Պետքարտուղարության ներկայացուցիչը՝ պատասխանելով հարցին, թե որ դեպքում ԱՄՆ-ն պատժամիջոցներ կկիրառի Թուրքիայի նկատմամբ:
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել է, որ իրենք մտադիր են սահմանից 30 կմ խորանալ՝ այնտեղ բուֆերային գոտի ստեղծելու և 3-4 միլիոն սիրիացի փախստականների բնակեցնելու համար:
Բացի այդ, գործողության մեկնարկից առաջ Էրդողանը դիմել է ամերիկյան իշխանություններին ռազմական աջակցության հարցով, սակայն մերժում է ստացել:
«ԱՄՆ-ն ոչ մի ռազմական աջակցություն չի ցուցաբերի: Թուրքերն օգնություն են խնդրել տարբեր ժամանակներում և տարբեր մակարդակներով, այդ թվում՝ կիրակի տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ: Մենք նրանց պարզ հասկացրինք, որ այդպիսի բան չի լինի»,- նշել է Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նա հավելել է, որ ԱՄՆ իշխանությունները թուրքական գործողությունների առնչությամբ կապ չեն հաստատել սիրիական կառավարության հետ:
Հոկտեմբերի 9-ին Թուրքիան սկսել է իր «Խաղաղության ակունք» անվանումով ռազմական գործողությունը Սիրիայի հյուսիսում՝ բազմաթիվ զրահատեխնիկա և օդուժ կիրառելով սահմանի երկայնքով: Թուրքական բանակին աջակցում է «Սիրիայի ազատ բանակ» զինված խմբավորումը: