Վերջին շրջանում մամուլի ուշադրության կենտրոնում է հեղափոխական մարզպետների աշխատանքը, ովքեր ընդամենը մեկ տարի առաջ խոստանում էին հեղափոխությունը հասցնել մարզեր: Արդյունքում մենք ունենք բավական թուլացած ՏԻՄ և գրեթե յուրաքանչյուր տեղական ընտրություն գալիս է ապացուցելու այն միտքը, որ ինչպես և ՀՀԿ դեպքում, ՔՊ ողջ հարվածային ուժը տեղակայված է Երևանում: Ինչո՞ւ այդպես ստացվեց. պատճառը մարդկային գործոնն է, թե իրականում 30 տարվա թալանը այդքան էլ հեշտ չէ հետ բերել: Նշենք, սակայն, որ թալանը հետ բերելուն մարզպետները այդպես էլ ձեռնամուխ չեն եղել, կամ թալան չկար, կամ էլ վերջիններս սեփական պոպուլիզմի զոհն են դարձել: Հատկապես այս առումով աչքի են ընկել Արմավիրի, Տավուշի և Կոտայքի մարզպետները: Արմավիրի մարզպետը իր թանկ ժամանակը փաստացի վատնել է նախորդի վրա «կեղտ» բռնելու սուրբ գործի վրա և որքան հասկանում ենք՝ այդպես էլ չի գտել: Փոխարենը մարզպետի անունը մամուլում հայտնվել է մի շարք գծատերերից իրենց «գիծը» խլելու վերաբերյալ տարածվող լուրերի շրջանակում: Ստացվում է՝ նախորդների դեմը առնել չստացվեց, կարելի է բռնել նրանց ճանապարհը:

Որևէ դաս չքաղելով պարգևատրումների շուրջ առաջացած հանրային պարսավանքի ալիքից, Համբարձում Մաթևոսյանը կրկին առատաձեռն է գտնվել մարզպետարանի հայեցողական պաշտոն զբաղեցնողների նկատմամբ և եռամսյա կտրվածքով պարգևատրել է իր խորհրդականներին, օգնականներին և մարզպետի տեղակալ Կարեն Գրիգորյանի օգնականին: Նշված անձինք պարգևատրվել են «հատուկ առաջադրանքները և աշխատանքային պարտականությունները բարեխիղճ կատարելու համար»: Իսկ, թե ի՞նչ հատուկ աշխատանքներ են կատարել՝ հանրությանն անհայտ է: Մնացած հարցերում Մաթևոսյանը «հեծանիվ» չի հորինել՝ շարունակելով նախորդի ծրագրերը և չստեղծելով այսպես ասած՝ սեփական պրոդուկտ:

Սեփական պրոդուկտով աչքի չի ընկնում նաև Կոտայքի մարզպետը, ով այս ողջ ընթացքում բառի բուն իմաստով՝ դատերի մեջ է: Ռոմանոս Պետրոսյանը կամ դատի է տալիս, կամ էլ պատասխանող կողմ է հանդիսանում: Բացի այդ, մի հունով չեն հոսում նաև մարզպետի և մի շարք ՔՊ-ականների ջրերը: Ակնհայտ դժգոհություն կա մարզպետի աշխատանքի որակից նաև հենց իշխող կուսակցության ներսում, թերևս հեղափոխական իդեալներին այնքան էլ հարիր չէ՝ տանուլ տալ մարզում գրեթե բոլոր խոշոր ընտրությունները , իսկ դրանից հետո հանգիստ խղճով մորաքրոջ որդուն Հրազդանի ԲԿ-ում որպես «վերահսկիչ» նշանակել:

Երրորդ ամենաշատ քննարկված մարզպետը թերևս Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն է, ում պրոֆեսիոնալիզմի հետ հեղափոխական թիմը մեծ հույսեր էր կապում: Վերջինս, սակայն մինչ այս պահը հիշվում է միայն փայտի մաֆիան արմատախիլ անելու իր հրապարակային խոստմամբ: Թե ինչպես է մարզպետը կատարել իր այդ խոստումը, լավագույնս երևում է Իջևանի անտառներից պարբերաբար դուրս սողոսկող ու փայտով բեռնված ֆուռերից:

Երբ իրավիճակը այսպիսինն է, երբ Երևանից դուրս գործող իշխանությունները մեկ տարում կարողացել են ընդամենը չտապալել նախկինների ձեռքբերումները , բայց և փոխարենը չեն գրանցել թեկուզ և փոքր, սակայն սեփական ձեռքբերում, ապա սա լուրջ ազդակ է իշխող քաղաքական ուժին: Առջևում մի շարք խոշոր քաղաքներում սպասվում են քաղաքապետերի ընտրություններ, եթե կտրուկ քայլեր չիրագործվեն և հեղափոխությունը իրապես չմտնի մարզեր, ապա այդ ընտրությունների նախաշեմին ՔՊ-ն մտահոգվելու լուրջ առիթներ է ունենալու…