Քնի պակասը ուղեղի համար վտանգավոր է և մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը: Բայց պարզվել է, որ քնի ավելցուկը նույնպես վտանգավոր է. Մայամիի համալսարանի գիտնականները պարզել են, որ 9 և ավելի ժամ քնող մարդիկ ցուցադրում են հիշողության որակի զգալի նվազում և լեզվական հմտությունների թուլացում, ինչը կարող է լինել դեմենցիայի վաղ նշան:

The Daily Mail-ը փոխանցում է, որ ոսկե միջինը օրական 7-8-ժամյա քունն է: Մարդիկ, որոնք օրական քնում են 6 ժամից պակաս, նույնպես ռիսկի խմբում են:

Գիտնականների խոսքով՝ բացառված չէ, որ ոչ թե քունն է բերում դեմենցիայի զարգացման հավանականության մեծացման, այլ մարդիկ, որոնք շատ են քնում, արդեն ուղեղի աշխատանքի խանգարումներ ունեն, որոնք բերում են հանգստի այդպիսի ռեժիմի:

Գիտնականները հետազոտություն են անցկացրել 45-75 տարեկան 5247 կամավորների մասնակցությամբ: Նրանք գնահատել են կամավորների քնի ռեժիմը, նրանց հիշողությունը, լեզվական ընդունակությունները, ռեակցիայի արագությունն ու ընկալումը:

Պարզվել է, որ կամավորների 15 տոկոսը ամեն գիշեր քնել է միջինը 9 ժամ: Այս խմբում 7 տարի հետո հայտնաբերվել է բոլոր պարամետրերով կոգնիտիվ ունակությունների նվազում: Ուսանելու նրանց հմտությունները նվազել են 22 տոկոսով, լեզվին ազատ տիրապետելը՝ 20 տոկոսով, հիշողությունը՝ 13 տոկոսով:

Ընդ որում՝ քնի ավելցուկը կապված էր ուղեղի ախտահարումների հետ, որոնք հայտնի են որպես սպիտակ նյութի հիպերինտենսիվություն: Այս ախտահարումներն առաջանում են ուղեղ արյան հոսքի նվազման հետևանքով: