Վայոց Ձորի մարզի Աղավնաձոր գյուղի բնակիչներն օրեր առաջ բողոքի ցույց էին կազմակերպել: Նրանց դժգոհությունը խաղողի մթերման ցածր գներն էին։ Պռոշյանի կոնյակի գործարանը «խարջի» տեսակի խաղողի 1 կգ–ի համար անցած տարվա 470 դրամի փոխարեն, 225 դրամ է առաջարկել։ Գյուղացիները պնդում են՝ 300 դրամից պակաս չեն վաճառի խաղողը: Թեմայի շուրջ ԼՈՒՐԵՐ.com -ի թղթակիցը զրուցել է ԱԺ պատգամավոր, ԲՀԿ խմբակցության անդամ Սերգեյ Բագրատյանի հետ:

«Նախկին իշխանությունները միշտ խաղողի գինն օգտագործել են քաղաքական նպատակներով, այսինքն իրենք տնտեսվարողներին, գինեգործներին ստիպել են, որ բարձր գնով գնեն խաղողը, որպեսզի համապատասխան թվով ձայներ ունենան տվյալ տարածքում: Այս իմաստով էլ ձևավորվել է այդպիսի գին: Իսկ ներկա քաղաքականության պայմաններում պարտադրանք չի կարող լինել որևէ տնտեսվարողի նկատմամբ, որ խաղողը մթերեն այս կամ այն գնով: Գինը որոշվում է ազատ մրցակցային պայմաններում: Խաղողի մթերումն այս պահին գրեթե ավարտված է ողջ հանրապետությունում և տնտեսվարողները հասկանում են, որ խաղողը չգնելու դեպքում, այն որակից կընկնի: Իսկ այդ պարագայում նրանք կարող են շատ ավելի էժան գնով մթերել, ինչին դեմ է գյուղացին»:

Այն հարցին, թե ինչ ճանապարհով պետք է գնալ, որ վնաս չկրի ոչ գյուղացին, ոչ տնտեսվարողը, պատգամավորը պատասխանեց. «Բողոքի նոր ակցիայից խուսափելու համար պետք է բանակցել և լուծում գտնել. Ես վստահ եմ՝ գյուղացիները սիրով կբանակցեն: Մարզային կառույցներն այստեղ անելիք ունեն: Նրանք պիտի քայլեր ձեռնարկեն գինեգործների հետ բանակցելու և բավարարող լուծում տալ այս խնդրին: Անլուծելի խնդիր չկա»:

Բագրատյանի կարծիքով տնտեսվարող ընկերության՝ գյուղացուն բերքի դիմաց երեք կամ չորս ամիս հետո վճարելու գործընթացը դժվարացնում է գյուղացու վիճակը. «Ես տեղյակ եմ, որ գյուղացիները դժվարություն ունեն իրենց վարկերը սպասարկելու հետ կապված, այս խնդիրը լուծելու համար գյուղացուն և տնտեսվարողին պետք է օգնի կառավարությունը: Կառավարությունը մթերող ընկերության հետ պետք է պայմանագիր կնքի, վարկավորի երեք ամսով, մինչև ընկերությունը կունենա անհրաժեշտ գումարները, և կվերադարձնի այդ վարկը: Այսինքն, կարճաժամկետ վարկ տրամադրել տնտեսվարողին: Սա գործիքակազմ է, որը պետք է կիրառել, բայց շտապ, որովհետև գյուղացու բերքը կարող է փչանալ»:

Անդրադառնալով վարչապետի՝ օրեր առաջ արված հայտարարությանն այն մասին, որ սա միակ տարին է, երբ որևէ բողոք չի եղել խաղողի մթերման համար, Բագրատյանն ասաց.«Այո, իրապես մենք այս տարի ոչ մի լուրջ խնդիր չենք ունեցել խաղողի մթերման հարցում: Ինչ վերաբերում է վերջին դեպքին, սա շատ փոքր քանակ է, ընդամենը 200 տոննա, որը 0.1 տոկոսն է կազմում ընդհանուրի: Ընդհանուր գործընթացի մեջ, այս քանակի համար բողոքի ցույցը հիշեցնում է փոթորիկ մի բաժակ ջրում:

Բողոքող գյուղացիների կողմից փակված ճանապարհի մասին պատգամավորն ասաց, որ դա ընդամենը դարձել է ընդունված մեթոդ բողոքն արտահայտելու. «Խաղողի մթերումը քաղաքական չէ, ես գտնում եմ, որ հարցը պետք է լուծել տնտեսական, իրավական հարթության վրա: Շատ արագ լուծվող խնդիր է, որովհետև փոքր ծավալների հետ է կապված»: