Սահմանադրական դատարանը երեկ տեղի ունեցած աշխատակարգային նիստում որոշում կայացրեց մերժել «Ազգային ժողովի դիմումի հիման վրա՝ Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ» գործի քննությունը։ ՍԴ-ի այսպիսի որոշումը սպասելի էր ինչպես «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, այնպես էլ ընդդիմադիր ուժերի և արտախորհրդարանական ուժերի մի շարք ներկայացուցիչների համար: Թեմայի մասին ԼՈՒՐԵՐ.com-ի թղթակիցը զրուցել է Հայ Ազգային Կոնգրես կուսակցության իրավական հանձնաժողովի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:

«Սպասելի էր, որովհետև ՍԴ-ն, ըստ էության, ռոբասերժական բանդայի վերջին հենասյունն է, և ցանկացած իրավական հիմքի պարագայում բնական է, որ քննության առարկա չէր դարձնելու այս դիմումը: Իրենք իրենց ձեռքով իրենց դատավճիռը չէին գրելու»:

 

Խաչատրյանը պնդում է, որ իրենք այս հանգամանքները հաշվի առնելով էին բացառում նախաձեռնության արդյունավետությունը: Նրա կարծիքով պետք էր գնալ Վահե Գրիգորյանի առաջարկներից երկրորդ տարբերակով. «Առաջին փորձը ձախողվեց, ես հույս ունեմ, որ գոնե հիմա խորհրդարանական մեծամասնությունը կանգ կառնի հետևյալ տարբերակի վրա՝ ԱԺ-ն պետք է դիմի սահմանադրական մարմիններին ՍԴ-ի դատավորների թափուր տեղերին թեկնածուներ առաջադրելու համար, որից հետո ԱԺ-ն պետք է ընտրությունների միջոցով նշանակի ՍԴ-ի դատավորներին՝ այսպիսով ավարտելով ՍԴ դատարանակազմությունը: Հակառակ դեպքում մենք արձանագրում ենք, որ 2015 թ-ի Սահմանադրությամբ 2018 թ-ի ապրիլից հետո մենք ունենք 7 դատավորների թափուր տեղ, և հաջորդ քայլով մենք մոռացության ենք մատնում այդ շատ կարևոր փաստը: Մեր բոլոր գործողությունները պետք է սկսվեն հենց այս ելակետից: Այս տարբերակը և՛ օրինական է, և՛ սահմանադրական, և՛ տրամաբանական:

 

ՀԱԿ ներկայացուցիչն ասաց նաև, որ խնդիրը պահանջում է այլընտրանքային լուծում, ինչը հասկացել են նաև Վենետիկի հանձնաժողովում.«Վենետիկի հանձնաժողովը հայտնեց իր դիրքորոշումը, որով ընդունում է,որ Հայաստանում կա խնդիր, և այդ խնդիրը տարբերվող լուծում է պահանջում: Ասվեց, որ կարող ենք գնալ ոչ ստանդարտ լուծման ճանապարհով, և դա կընդունվի նաև Վենետիկի հանձնաժողովի կողմից»: