Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գաղտնի հանձնարարականով էականորեն բարձրացել են նախարարների, փոխնախարարների և նախարարությունների գլխավոր քարտուղարների աշխատավարձերը։ Հանձնարարականը տրվել է հուլիս ամսին։
Գաղտնի հանձնարարականի վերաբերյալ ստացած տեղեկությունը ստուգելու համար Hetq.am-ը նախ գրավոր հարցմամբ դիմել է երեք նախարարությունների։ Ստացանք աշխատողների թվի և աշխատավարձային ֆոնդի վերաբերյալ մայիս-օգոստոս ամիսների տվյալները։ Մի նախարարության դեպքում նույն թվով աշխատակիցների պարագայում աշխատավարձային ֆոնդի էական տարբերություն կար։ Լրացուցիչ հարցում ուղարկեցինք երեք նախարարների՝ հարցնելով, թե նախարարը որքան աշխատավարձ, պարգևատրում և աշխատավարձին հավասարեցրած այլ վճարում է ստացել։ Օրինակ՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը մայիս, հունիս, հուլիս և օգոստոս ամիսներին միասին ստացել է 6 միլիոն դրամ աշխատավարձ, նույնը Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանի դեպքում էր։ Եթե աշխատավարձի թիվը բաժանում ենք 4 ամիսների միջև, ստանում ենք ամիսը 1.5 միլիոն դրամ։ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին էլ էինք նույնաբովանդակ հարցում ուղարկել։ Նախարարության գլխավոր քարտուղարը մեզ չտրամադրեց Ջանջուղազյանի աշխատավարձի մասին տեղեկություն։ Փոխարենն առաջարկեց սպասել տարեկան հայտարարագրին։
Պետական պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը սահմանված է օրենքով։ Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին ՀՀ օրենքով նախարարի աշխատավարձի գործակիցը 12 է։ Նախարարի աշխատավարձը ստանալու համար այդ թիվը պետք է բազմապատկել բազային աշխատավարձով՝ 66 հազար 140 դրամով։ Հանրագումարը 793 հազար 680 դրամն է, որի մեջ ներառված են հարկերը։ Մինչդեռ առանց օրենքում փոփոխություն կատարելու, վարչապետի գաղտնի հանձնարարականով նախարարի աշխատավարձը կրկնապատկվել է և դարձել 1.5 միլիոն դրամ։
Նույն պատկերն է փոխնախարարների և գլխավոր քարտուղարների աշխատավարձերի դեպքում։
Երբ արդեն ամեն բան պարզ էր, թե ինչ է կատարվել, գրավոր հարցմամբ դիմեցինք վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցնելով, թե ինչո՞ւ է գործընթացը գաղտնի ընթացակարգով իրականացվել։
Վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն պետի պաշտոնակատար Արմեն Խաչատրյանի պատասխանում նշված է․ «Ձեր կողմից բարձրացված հարցը, ինչպես նշել եք, իրականացվել է գաղտնի ընթացակարգով, ուստի նման տեղեկատվությունը հրապարակման ենթակա չէ»։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։