ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում ուսումնասիրվել են ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված՝ «Սևանի իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման» հիմնադրամի և վերջինիս կողմից հիմնադրված «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲ ընկերությունների ֆինանսատնտեսական գործունեության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքների վերաբերյալ փաստաթղթերը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիմնադրամի և ընկերությունների կանոնադրական նպատակների իրականացման համար 2013-2018թթ. ՀՀ պետական բյուջեից հատկացվել է շուրջ 9 մլրդ դրամ, որի մի մասը տարատեսակ գործարքների և սխեմաների կիրառմամբ կամ յուրացման, վատնման եղանակով հափշտակվել է կամ փոշիացվել՝ անհիմն ու աննպատակ ծախսերի միջոցով։
 
Ուշագրավն այստեղ ընկերությունների ստեղծման պատմությունն է: 2013 թվականի դեկտեմբերի 19-ին (վարչապետ՝ Տիգրան Սարգսյան) ՀՀ կառավարությունը ստեղծել է «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամը», իսկ 2014 թվականի մայիսին (վարչապետ՝ Տիգրան Սարգսյան)՝ «Սեւանի իշխան» փակ բաժնետիրական ընկերությունը: 2015 թվականի նոյեմբերին (վարչապետ՝ Հովիկ Աբրահամյան) ստեղծվում է «Սեւան ակվա» փակ բաժնետիրական ընկերությունը: Այս ընկերությանը կառավարությունը «քաղցր աչքով է մտիկ արել». հարկային արտոնություններ, ներմուծվող սարքավորումների, հումքի եւ նյութերի նկատմամբ մաքսատուրքից ազատում, 2016-ին առանց մրցույթի, 3 տարի ժամկետով, կառուցապատման իրավունքով 0,6445 հեկտար հողամասի տրամադրում Կարճաղբյուր գյուղում: Երկու ընկերության սեփականատերն էլ «Սեւանի իշխանի պաշարների վերականգնման եւ ձկնաբուծության զարգացման հիմնադրամն» է, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը՝ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: Այսօր, իհարկե, այդ պաշտոնը զբաղեցնում է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, իսկ հիմնադրամի խորհրդի կազմում են՝ բնապահպանության նախարարը, ֆինանսների նախարարը, Գեղարքունիքի մարզպետը, գործադիր տնօրենն էլ Վարդան Մամիկոնյանն է:
 
Ընդհանուր առմամբ՝ ՀՀ պետական վերահսկողական ծառայությունից ստացված նյութերը պարունակում են տվյալներ՝ «Սևանի իշխան» և «Սևան ակվա» ՓԲԸ-ների պատասխանատու ծառայողների կողմից 2014-2019թթ. ընթացքում իրենց կարգադրիչ կամ այլ լիազորությունները կազմակերպության շահերին հակառակ և իրենց կամ ուրիշ անձանց օգտին օգտագործելու՝ ընկերությունների շահերին հակասող գործարքներ իրականացնելու, փաստաթղթեր կեղծելու, իրենց վստահված առանձնապես խոշոր չափերի՝ ավելի քան 1 մլրդ դրամի բյուջետային միջոցները վատնելու կամ հափշտակելու, շուրջ 1.3 մլրդ դրամի վնասներ հասցնելու միջոցով ծանր հետևանքներ առաջացնելու վերաբերյալ։
 
Ինչպես տեսնում ենք, ընկերությունները նուրբ ու երկար թելերով կապվում են նախկին իշխանության ներկայացուցիչների հետ: Որևէ բան պնդելն այս պահին հնարավոր և ճիշտ չէ, սակայն հարց է առաջանում՝ արդյո՞ք կթիրախավորվեն նաև նախկին վարչապետերը և նախկին փոխվարչապետը, որոնց կառավարման տարիներին այս երկու ընկերությունները ստեղծվել են և կայացել՝ ստանալով բազմաթիվ արտոնություններ: Թե՞ քննությունը կբացահայտի միայն վերը նշված պատասխանատու ծառայողներին, ովքեր հասկանալի է՝ միայն կատարողներ էին և, ինչպես Փաշինյանն է բազմաթիվ անգամ կրկնել, նախկին համակարգի տրամաբանությունը մշտապես էլ ենթադրել է՝ վերևից «դաբրոն ու փայ մտնելը»: Ո՞ւմ կողմն ի վերջո կթեքվեն սլաքները…